Կառուցել աշխարհ` առանց սովի(Նվիրված պարենի համաշխարհային օրվան)
(last modified Sun, 14 Oct 2018 22:20:53 GMT )
Հոկտեմբեր 15, 2018 01:50 Asia/Tehran

Սննդի պակասը և մթերքի ապահովումը եղել են մարդու մշտական մտահոգությունները: Այսօր մարդկությունն առավել քան երբևէ ուշադրություն է դարձնում այդ կենսական խնդրի նկատմամբ, քանի որ նախատեսվում է, որ մինչև 21-րդ դարի կեսերն աշխարհի բնակչության թիվը հասնելու է 9 միլիարդ հոգու և նման մեծ թվով մարդկանց համար անհրաժեշտ սննունդ ապահովելու համար պետք է 70 տոկոսով ավելացնել դրա արտադրությունը:

Դա այն դեպքում, երբ ՖԱՕ-ի վերջին տվյալներով, մեկ շրջան նվազումից հետո աշխարհում սովի մակարդակը կրկին անգամ բարձրացել է: Աշխարհում ավելի քան 815 միլիոն հոգի տառապում է խրոնիկ թերասնումից :  Պարենի համաշխարհային օրը (World Food Day) ամեն տարի նշվում է հոկտեմբերի 16-ին՝ սկսած 1979 -ից: Օրվա տարեթիվ է ընտրվել ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ստեղծման օրը՝ 1945թ. հոկտեմբերի 16-ը :

Թեև 1996 թ.-ին պարենի համաշխարհային համաժողովում, աշխարհի տարբեր երկրների ղեկավարները համաձայնության եկան մինչև 2015 թվականը աշխարհում սովահարների թիվը կեսով չափ կրճատելու և գյուղատնտեսության ոլորտում պետական ու մասնավոր սեկտորների ներդրումային ծրագրերի շուրջ և 2005 թ.-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացած համաժողովին ևս կրկնեցին իրենց հանձնառությունը, սակայն «Աշխարհի սննդային անապոհվության իրավիճակի» մասին զեկույցի համաձայն, միայն 63 երկրների հաջողվեց իրականացնել նախանշված նպատակը:  Սննդային ճգնաժամի համաշխարհային վերջին տվյալները վկայում են սուր թերասնման ավելացման մասին: 2017 թ.-ին աշխարհի 51 երկրում ապրում է 124 միլիոն քաղցած մարդ: Անցյալ տարվա համեմատությամբ քաղցած բնակչության թիվը 11 միլիոն հոգով ավելացել է:

Եմենում 17 միլիոն հոգի ՝ երկրի բնակչության 60 տոկոսն ապրում է բացարձակ սննդային անապահով պայմաններում: Հարավային Սուդանում բացարձակ սննդային անապահով պայմաններում ապրում է 4.8 միլիոն հոգի: Սիրիան, Լիբանանը, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, Ուկրաինան, Աֆղանստանը և Սոմալին կանգնած են սննդային անապահովության բարձր մակարդակի վրա: Կոնգոյում մեծացել է բացարձակ սովի պայմաններում ապրող բնակիչների թիվը ՝ հասնելով 7.7 միլիոն հոգու: Անցյալ կիսամյակին այդ երկրում ապրել է 5.9 միլիոն քաղցած մարդ: Այդ ժամանակահատվածում Աֆղանստանում բացարձակ սովի  մատնված մարդկանց թիվը 3.3 միլիոնից 7.6 միլիոնի է հասել:

 

Եմենում երեխաները մատնվել են ծանր թերասնման:

 

 

 

Տարբեր ուսումնասիրությունները պարզել են, որ սննդային ճգնաժամն առաջանում է այն ժամանակ, երբ բարդ գործոններ ՝ ինչպես օրինակ հակամարտությունները, բնակլիմայական փոփոխությունները և սննդամթերքի գների բարձրացումը տեղի են ունենում միաժամանակ : 18 երկրներում սննդային ծանր անապահովության գլխավոր գործոնը բախումների առկայությունն է, ընդորում 15-ը  աֆրիկյան կամ միջինարևելյան երկրներ են: «Գարդիան» օրաթերթին տված հարցազրույցում Համաշխարհային պարենային ծրագրի WFP ղեկավար Ֆրանսիս Մուանզան ասել է.«Պատերազմը մեծ ծախսեր է պարտադրում Համաշխարհային պարենային ծրագրին: Ծրագրի ծախսերի 80 տոկոսը հատկացվում է պատերազմի մատնված երկրներին: 2017 թ.-ի սննդային ճգնաժամերի համաշխարհային զեկույցը ևս հաստատել է, որ հակամարտություններն ու պատերազմները համարվում են սննդային անապհովության գլխավոր գործոնները : Վերջին տասնամյակներին սովի տարածումը մեծապես առնչվում է Մյանմայում, Նիգերիայի հյուսիս-արևելքում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հարավային Սուդանում և Եմենում տեղի ունեցող անապահովությանը: Դա վկայում է խաղաղության ու սննդային անվտանգության միջև ամուր կապերի առկայության մասին»:

Բնակլիմայական փոփոխությունները և դրանց հետևանքները ՝ մասնավորապես երաշտը ևս համարվում են 23 երկրներում սննդի ճգնաժամի գլխավոր պատճառներից: Հիշյալ 23 երկրի երկու երրորդը գտնվում են Աֆրիկայում: Բնական աղետները համարվում են աշխարհում 39 միլիոն հոգու սննդային ծանրագույն անապահովության գործոնը: FAO ՖԱՕ-ի տվյալների համաձայն, առաջիկա ութ տարիներին բնակլիմայական փոփոխությունների հետևանքով, զարգացող երկրներում ընդհատակյա ջրերի մակարդակն իջնելու է 50 տոկոսով , որն էլ ճգնաժամի է մատնելու տարածքի բնակչության սննդի ապահովման գործը: Մինչև 2025 թ.-ը կլիմայական փոփոխություններն այնքան մեծ ազդեցություն են թողնելու երկիր մոլորակի վրա, որ զարգացող երկրներում 50 , իսկ զարգացած երկրներում 18 տոկոսով իջնելու է ընդհատակյա ջրերի մակարդակը և քանի որ ջուրը կենսական նշանակություն ունի կենդանական ու բուսական աշխարհի համար, հետևաբար Աֆրիկայի արևելյան ու հարավային շրջաններում ՝ հատկապես Հարավային Սուդանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայում մոլեգնելու է սովի ճգնաժամը:

 

Սննդային ճգնաժամ Աֆրիկայում

 

Փորձագետների համոզմամբ, աշխարհում սովի ու աղքատության մյուս կարևոր պատճառը քաղաքական ու տնտեսական կարգերի անարդար գործելակերպն է: Աշխարհում միլիոնավոր մարդիկ սովահար են, 672 միլիոն հոգի տառապում է գիրությամբ, իսկ ավելի քան մեկ միլիարդ հոգի ավերլորդ քաշի խնդիրն է դիմագրավում: Մյուս կողմից ՖԱՕ-ի հրապարակած թվերի համաձայն, աշխարհի տարբեր երկրներում 800 միլիոն հոգի թերասնվում է, տարեկան 1.3 միլիարդ տոննա մթերք աշխարհում վատնվում է , մինչդեռ կարելի է խնայելով սննդամթերքը , բավարարել այդ մարդկանց կարիքները և բարելավել աշխարհի սննդային անվտանգությունը: Մթերքի վատնումը ոչ միայն աշխարհում միլիոնավոր մարդկանց զրկում է սննդից, այլև բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա, խաթարվում են ջրի, էներգիայի, աշխատուժի ու կապիտալի ռեսուրսները և երկիր մոլորակի մյուս պաշարները և հանգեցնում են ջերմոցային գազերի ծավալների մեծացմանը:

Հաշվի առնելով ներկա պայմանները, «Սննդային ճգնաժամի 2017 համաշխարհային զեկույց»-ում նշվել է, որ լուրջ ու շարունակական քայլեր չարվելու դեպքում, ավելի մեծ թվով մարդիկ են սովի մատնվելու: Խնդրի համար նպատակահարմար լուծում չգտնելու դեպքում, տարբեր երկրներում քաղաքացիական ու միջազգային պատերազմներ են սկսվելու: Ուստի անհրաժեշտ է , որպեսզի համադրված, լուրջ ու անհապաղ քայլեր արվեն ՝ սննդային ճգնաժամը վերացնելու համար: Պարենի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Քայլեր    զրո քաղցի հասնելու համար»:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ), Համաշխարհային պարենային ծրագրի զեկույցն գնահատում է պարենային անվտանգությունը՝ մինչև 2030 թվականը սովի վերացման ՄԱԿ-ի պլանների համատեքստում: Այդպիսով աշխարհի հարուստ երկրները պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով գիտական ծրագրեր իրականացնելու համար , որպեսզի մթերային ու պարենային ծրագրերի օգնությամբ մինչև 2030 թվականն աշխարհում քաղցածների թիվը հասնի զրոյի: Դա ընդգրկում է բազմաթիվ ծրագրեր ՝ ինչպես օրինակ սննդին հասանելիության մեծացումը, մթերային այլ աղբյուրների նախատեսում, առողջ սննդային ծրագրերի մշակումը և աղքատ խավերի համար սննդի համաշխարհային բանկի հիմնադրումը: Բացի դրանցից, փորձագետները կարևորում են նաև տարբեր երկրներում սննդի արդար բաշխման կարգերի իրագործումը:

 

 

Ի հարկե պետք է նշել, որ պարենային անվտանգությունը կարող են խթանել նաև հասարակական  մասնակցությունը և հողագործների արժեքավոր դերակատարությունը: Իրանում ՖԱՕ-ի ներկայացուցիչ ՝ Սերեջ Նակուզին հավատացած է, որ սովի ու մթերային անապահովության դեմ պայքարի գործընթացը պայմանավորված է հողագործների ընտանիքների մասնակցությամբ: Հողագործներ, որոնք իրենց ներուժ կարողություններով, փաստորեն համարվում են երկրի զարգացման շարժիչը և անհրաժեշտ է աղքատության ու սովի դեմ պայքարում ուշադրության դարձնել նաև հողագործների դերակատարությանը: Նակուզիի ասածով, նպատակահարմար ծրագրեր իրականացվելու և անհրաժեշտ պայմաններն ապահովվելու դեպքում, հողագործ աղքատ ընտանիքները կարող են օգտվել իրենց ներուժ կարողություններից և գյուղատնտեսությունում արդյունավետությունը մեծացնելով, օգնել աշխարհում սննդային անվտանգության իրականացմանը և արմատախիլ անել սովը: Այդպիսով կարելի է ասել, որ սովից զերծ աշխարհ կերտելու համար, անհրաժեշտ են ոչ միայն տարածաշրջանային ու միջազգային համագործակցություններ, այլև աշխարհի բնակչության մասնակցությունը: