Գրքի հմայքը (48)
Կյանքի առաջին և վերջին կայարանները գրքի ուղեկցությամբ դառնում են ավելի հաճելի, և բնականաբար այս երկու կայարանների միջև կյանքի ճանապարհն գրքի ուղեկցությամբ անցնում ենք ավելի լավ, ավելի քաղցր ու ավելի հանգիստ։
Գրքաթերապիան հին եզրույթ է։ Գրքաթերապիայի հիմնական հասկացությունը ընթերցանության միջոցով բուժումն ու առողջության վերականգնումն է: Գրքաթերապիան ընթերցողի և գրականության փոխադարձ կապն է: Գրքով բուժման մեթոդի մեջ թերապևտիկ և բուժիչ ազդեցություն ունեն ընթերցողին տրամադրվող նյութերը։
Քանի որ երեխաներն ու դեռահասները հաճախ իրենց դնում են գրքի գլխավոր հերոսների տեղը, գրքաթերապիայի նախագծերում համապատասխան գրքերի ընտրությունը կարող է օգնել երեխաներին բացահայտելու իրենց խնդիրները: Երբ նրանք գիտակցում են, որ միայնակ չեն խնդիրների հետ առերեսվելու հարցում, իրենց հանգիստ ու ապահով են զգում, և միայնությունն ու տագնապը նվազում է: Գրքերի ճիշտ ընտրության դեպքում, տեղի է ունենում նաև հոգեբանական կատարելագործման գործընթացը: Այս ինքնագիտակցումը երեխային և դեռահասին հնարավորություն է տալիս փոխել իրադարձությունների վերաբերյալ սեփական ընկալումները և բարելավել իր վարքագիծը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրքաթերապիայի արդյունավետությունը կտրուկ աճում է, երբ զուգակցվում է այնպիսի մեթոդների հետ, ինչպիսին է խաղաթերապիան: Խաղաթերապիան և գրքաթերապիան միասին կազմում են հիանալի հավաքածու, քանի որ գրքաթերապիայում շեշտը դրված է ընդունելության վրա, իսկ խաղաթերապիայում շեշտը դրված է զգացմունքների և խնդիրների արտահայտման վրա:
Աշխարհի տարբեր ծայրերում հետազոտողներն ու հոգեբանները երկար տարիներ օգտագործել են այս մեթոդները, և արդյունքները ցույց են տվել, որ գրքաթերապիան կարող է օգտագործվել որպես որոշ խանգարումների և հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդ։ Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք գրքաթերապիայի կիրառման արդյունքներին։
----
Ավստրիացի պրոֆեսոր և քաղաքական գործիչ Վոլֆգանգ Սոբոտկան ասում է.«Փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդանոցներում կրեատիվությունն ու նորարարությունը դրական են ազդում հիվանդների ավելի արագ ապաքինման վրա»։
Անդրադառնալով ավստրիական նահանգներից մեկում «Ժամանակ ընթերցանության համար» նախաձեռնող և առաջատար խմբի փորձին, որը այդ տարածքի հիվանդանոցների հետ համագործակցելով,հիվանդանոցների մանկական բաժանմունքներում սովորական հեռուստատեսություն դիտելու փոխարեն մեկ այլ հետաքրքիր ծրագիր է ներկայացրել:
Հիվանդանոցի բաժանմունքներում գտնվող «գրքերի վաճառասեղանները», որոնք ներառում են գրքեր և մտային խաղեր, նոր շունչ են հաղորդել հիվանդանոցում գտնվող երեխաների ձանձրալի առօրյային, իսկ ստեղծարարությունն ու ընկերական հարաբերությունները տարածվել են բաժանմունքներում, ինչը հանգեցրել է հիվանդների ավելի արագ ապաքինմանը:
Ընթերցանության այս կայանները երեխաների համար նոր միջոց են հիվանդանոցի տխուր մթնոլորտից խուսափելու համար: Հետազոտությունները ցույց են տվել որ «Լուսամուտ դեպի նորարարություն և երեխաների համատեղ խաղեր» նախագծի իրագործումից հետո երեխաների հոգսերն ու վախերը նվազել են, բուժիչ էներգիա է հոսել նրանց հոգիներում, ինչի արդյունքում նրանք ավելի շուտ են ապաքինվել։
Սոբոտկան կարծում է, որ «գրքերի վաճառասեղանը» լուսամուտ է բացում դեպի կարդալու, խաղալու և զվարճանալու ստեղծագործական աշխարհ: Սա հնարավորություն է երեխաների համար,որպեսզի նրանք կարողանան նոր միջավայրում ավելի լավ շփվեն շրջապատի հետ, ինչը նրանց կօգնի ավելի հանգիստ անցկացնել իրենց բուժման շրջանը հիվանդանոցում:
---
1970-ականների վերջերին քաղաքացիական պատերազմի և հեղափոխության բռնկման հետ մեկտեղ Հարավարևելյան Ասիայում շատ լաոսցիներ ստիպված եղան լքել իրենց տները և ապաստան փնտրել Հնդկաչինի մի տարածքում:
Այս պայմաններում Ճապոնիայում բնակվող լաոսցի մի կին Չանտասոն Ինտավանգ անունով կարծում էր, որ մարդկանց պարզապես փախստական ընդունելը չի լուծի նրանց խնդիրները։ Նա ցանկանում էր օգնել փախստական երեխաներին։ Այսպիսով, 1982 թվականին նա հիմնեց «Լաոսի երեխաներին պատկերազարդ գրքեր ուղարկելու ասոցիացիան»: Սկզբում ասոցիացիան Լաոսում փախստական երեխաներին ուղարկում էր միայն ճապոնական գեղարվեստական և պատկերազարդ գրքեր: Մի քանի տարի անց ասոցիացիան սկսեց ապրանքներ և պարագաներ ուղարկել՝ աջակցելու Լաոսի մանկական գրքերի հրատարակչությանը, գրքեր, որոնք լաոսցի գրողներն ու նկարիչները պատրաստում էին իրենց երկրի երեխաների համար: Ճապոնիայում սկսված աշխատանքները ժամանակի ընթացքում ընդլայնվել են Լաոսում, և այժմ, նախագծի մեկնարկից տասնամյակներ անց, ասոցիացիան աշխատում է որպես հասարակական կազմակերպություն՝ Լաոսում գրականություն տարածելու և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
-----------------------------------
«Ծերացման արվեստը» գերմանացի հայտնի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի արվեստի հավաքածուի յոթերորդ գիրքն է, որը պարունակում է նրա փիլիսոփայական մտավոր կյանքի վերջին ութ տարիների վերջին գրվածքները։ Այս գրքում նա վերանայում է իր տարիների մտածողությունը և, ի տարբերություն կյանքի վերջին հանգրվանում գտնվող շատ այլ մտավորականների, փորձում է բացատրել իր մյուս ստեղծագործությունների որոշ կետեր, վերապատմել չասվածը և այս կերպ ազատվել ծերության լճացումից։
Մի կողմից, խորանալով իր ռեալիստական փիլիսոփայական կյանքի հայացքներում, իսկ մյուս կողմից՝ խուսափելով ծերության և մահվան մասին իր և ուրիշների նախկին տեսական մոտեցումներից, Շոպենհաուերը ձանձրալի ծերության տարիները վերածում է ծերության քաղցր տարիների։ Գերմանացի փիլիսոփան այս գրքում, ինչպես իր մյուս ստեղծագործություններում շարունակում է պարզ ու մտածված գրել, և տարիքի բերումով ո՛չ տխրում է ծերության պատճառով և ո՛չ էլ նյարդային սպասում մահվան։
Իր գրքում նա փորձում է գործնական ու մտածված մոտեցմամբ անդրադառնալ հնարավորինս քաղցր ու բեղմնավոր ծերություն հասկացությանը։ Այս գրքում Շոպենհաուերը, ինչպես իր մյուս աշխատությունները, փորձում է ծերացման վերաբերյալ տարբեր տեսություններ ու հեռանկարներ մշակել ու այն վերածել յուրահատուկ ապրելակերպի։
Գրքաթերապիան կամ գրելու թերապիան ըստ այս փիլիսոփայի, կարող է լինել ձանձրույթի ու թուլության դեմ հակաթույններից մեկը: Իհարկե, այս տարիները քաղցրացնելու Շոպենհաուերի լուծումը, ի տարբերություն որոշ գրողների, երբեք սովորական հաճելի գրքերը լրագրության ոճով կամ ամենայն ըմբռնումով կարդալը չէ, և նա երբեք նման բան խորհուրդ չի տալիս։ Նա, գնալով հին մտածողների հետքերով, փորձում է ծերության մեջ ոչ մի օր չանցկացնել առանց մի տող գրելու, որպեսզի ծերության ծանր ժամանակաշրջանն ստանա ջանքերի ու մտորումների երանգ:
Ծերությունը կյանքի կարևոր փուլ է, որը, եթե զուգակցվում է հարաբերական առողջության և բարեկեցության հետ, ապա կյանքի հաճելի շրջանն է: Այն, ինչի վրա այսօր ուշադրություն է դարձնում գիտությունը, ոչ միայն կյանքի երկարացումն է, այլև կյանքի որակը։
Տարեցների համար գրքեր ուսումնասիրելը և կարդալը ամենաօգտակար գործողություններից մեկն է, որը կարող է ամրապնդել տարեցների ուղեղային և մտավոր ու հուզական կարողությունները: Հետազոտողների կարծիքով՝ բարձր տարիքում գրքեր կարդալը դրական ազդեցություն է ունենում տարեցների մարմնի և հոգու վրա։ Այս օգտակար և կառուցողական ազդեցությունները ներառում են սթրեսի նվազեցում, անքնության նվազեցում, ուղեղի ֆունկցիայի ուժեղացում, դեպրեսիայի նվազեցում և դրա բուժում:
Բացի այդ, մեծ տարիքում սովորելը կարող է գրավիչ լինել նրանց համար։ Տարեց մարդը, երբ նա ունի բազմաթիվ նոր տեղեկություններ տարբեր ոլորտներում և կարող է մասնակցել քննարկումներին և գրավել ուրիշների ուշադրությունը, իրականում հետաքրքիր ու գրավիչ է դառնում ուրիշների համար և դա ազդում է ուրիշների հետ փոխգործակցության գործընթացի վրա:
---
Գրքեր կարդալով տարեցներն ինքնըստնիքյան ներգրավվում են հասարակության մեջ: Նրանք ծանոթանում են բառերի լայն շրջանակին, որոնք նրանք կարող են օգտագործել ուրիշների հետ զրուցելիս: Բացի այդ, երբ մեծահասակները կարդում են, բնականաբար ձեռք են բերում գրելու ավելի մեծ կարողություն: Եղել են դեպքեր,որ ընթերցանությամբ հետաքրքրվող տարեցները գրի են առել իրենց հուշերը և նույնիսկ գիրք են գրել:
Ինչպես տարեցների մարմինը շարժունակության և վարժությունների կարիք ունի, այնպես էլ տարեցների միտքն ունի վարժության կարիք՝ կանխելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են Ալցհեյմերը և թուլամտությունը, որոնց դեմ պայքարի լավագույն եղանակը գրքեր կարդալը կարող է լինել: Բացի այդ, դա մեծացնում է նրանց գիտելիքները, ինչը, ի վերջո, ազդում է նրանց ֆիզիկական առողջության և ինքնասպասարկման վրա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրքաթերապիան բարելավում է ինքնակառավարման հմտությունների առանձնահատկությունները և արդյունքում բարելավում կյանքի որակը։ Հետևաբար, բուժքույրերի և տարեցների խնամողների կողմից ոչ- ագրեսիվ միջամտությունները, ինչպիսիք են գրքային թերապիան և այլ ճանաչողական-վարքային թերապիաները, կարող են բարելավել նրանց կարողություններն ու կյանքի որակը , հետևաբար նրանք կարող են ավելի ակտիվ ներկայություն ունենալ հասարակության մեջ:
Անհերքել է գրքի և ընթերցանության դերը կյանքի որակը բարելավելու և ազատ ժամերն արդյունավետ անցկացնելու գործում , սակայն տարեցներն ավելի քիչ են հակված գրքեր օգտագործել և կարդալ այնպիսի պատճառներով, ինչպիսիք են տեսողության խնդիրները, ձանձրույթը և այլն, մինչդեռ գրքերը կարող են լինել նրանց լավագույն ընկերը և վերացնել հոգեկան հիվանդությունների նախադրյալները, ինչպիսիք են դեպրեսիան, անցյալի մասին մտածելը և այլն: Որքա՜ն լավ է, որ ընտանիքի անդամներն իրենց վրա վերցնեն այս աշխատանքը և օրական մի քանի րոպե նրանց համար գրքեր կարդան: Այս աշխատանքն աստիճանաբար ընտանիքում կստեղծի տարեցներին հարգելու, մտերմություն ստեղծելու և ընտանիքի անդամների շրջանում ընթերցանության մշակույթը տարածելու հնարավորություն:
Իհարկե,գրքերի ներկայացման նոր ձևեր են էլեկտրոնային գրքերը և ձայնային կամ աուդիոգրքերը,որոնցից կարող են օգտվել տարեցները: Տպագիր և էլեկտրոնային գրքերից հետո ձայնային գրքերի ի հայտ գալը տեխնոլոգիական գործիքների կիրառման դրսևորում է:Ձայնային գրքերը մեծապես կարող են օգնել տարեցներին:
Վերջերս Իրանում անցկացվել է «Հոգեկան ճնշման գնահատում Ղուրանի ընթերցումը լսելիս» վերնագրով հետազոտություն: Հետաքրքիր է իմանալ, որ արդյունքները ցույց են տվել, որ Ղուրանի օգտագործումը մեծ օգնություն էր տարեցների մոտ սթրեսը բուժելու համար, և հետազոտության մասնակիցների մեծ մասը համոզված է, որ Ղուրան ընթերցողի ձայնը խաղաղություն և հանգստություն է պարգևում նրանց մտքերին և լսելով այդ հաճելի ձայնը նվազում սթրեսը և միտքը խաղաղվում:
Այս հետազոտության խոստումնալից արդյունքը և տարեցների հոգեկան առողջության վրա Ղուրանի ընթերցման իմաստալի ազդեցությունը գալիս է հաստատելու տարեցների խնդիրները պակսեցնելուն և նրանց կյանքի որակը բարելավելուն ուղղված գրքաթերապիային նշանակությունը: