Ընտելանանք (34)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Նախորդ հաղորդման ընթացքում մենք ծանոթացանք խնդիրների լուծման հմտությունների տարբեր տեխնիկային և այդ տեխնիկայի հասնելու խոչընդոտներին: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք ինքնավստահության թեման և այն բարձրացնելու ուղիները:
Ինքնավստահությունը հոգեկան առողջության հիմնական հիմքերից մեկն է։ Շատ դեպքերում ինքնավստահություն և ինքնագնահատական բառերը փոխադարձաբար օգտագործվում են: Բայց այս երկու բառերն ունեն նուրբ տարբերություններ հոգեբանության տեսանկյունից։ Ինքնագնահատականը հիմնականում նշանակում է արժեքի և հարգանքի չափ, որը մարդն ունի իր անձի նկատմամբ: Իրականում, ոմանք կարծում են, որ չնայած ցածր ինքնավստահությանը, մարդիկ դեռ կարողանում են հարգել իրենց և պահպանել իրենց ինքնագնահատականը, բայց ինքնավստահությունը նշանակում է վստահություն ունենալ մեր և մեր կարողությունների նկատմամբ:

Մեր նկատմամբ վստահության և հավատի մակարդակը, կյանքի տարբեր իրավիճակներում մեր գործունեության արդյունքն է: Այսպես, եթե կյանքում պարտականություններ ենք ընդունում, որոնք մենք կատարում ենք, մեր ինքնավստահությունը մեծանում է, բայց եթե մենք մեզ դնում ենք շատ դժվար իրավիճակների մեջ, կամ ուրիշները ստիպում են մեզ անել մեր ուժերից վեր բաներ, ինքնավստահությունը նվազում է: Դա նշանակում է, որ մենք ի վիճակի չենք կատարել առաջադրանքը կամ լուծել խնդիրը:
Հետևաբար, դրական ինքնավստահության հասնելու իդեալական իրավիճակն այն է, որ առաջադրանքի դժվարության մակարդակը սկսվի հեշտից և աստիճանաբար դժվարանա: Այս գործոնների հետ մեկտեղ, մեր շրջապատի աջակցությունը, հաջողությունների խրախուսումը, հաջողության կրկնությունը, մյուսների արձագանքը, ժամանակավոր անհաջողություններ ընդունելը, կարող են բարձրացնել ինքնավստահությունը:
Մարդու ինքնավստահությունը իր նկատմամբ ձևավորվում է երկարաժամկետում։ Միգուցեները, եթեները, և ընդհանրապես կյանքում երկմտությունները կարող են մարդու մոտ ցածր ինքնավստահության նշաններ լինել։ Այս մարդիկ իրենց ստորադաս են համարում և զգում են, որ ոչ մեկի կողմից չեն ընդունվում ու չեն սիրվում։ Ցածր ինքնավստահություն ունեցող մարդու մեկ այլ նշանն այն է, որ նա անընդհատ դեր է խաղում, քանի որ ցանկանում է, որ ուրիշներն իրեն սիրեն: Ցածր ինքնավստահություն ունեցող մարդը հաստատվելու խիստ կարիք ունի: Նա անընդհատ բողոքում է իր կրթությունից, ֆինանսական վիճակից եւ այլ բաներից:

Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք ինքնավստահության չափը գնահատելու չափանիշներին և ինքնավստահության բարձրացման ուղիներին:
...
Ինքնավստահությունը համարձակություն է, երբ մարդը պատշաճ և իրատեսական կերպով գնահատում է իր կարողությունները ուրիշների հետ կապված: Մարդիկ, ովքեր բավարար ինքնավստահություն ունեն, որոշում կայացնելիս ավելի քիչ են անհանգստանում ձախողման համար, քան մյուսները, և նրանք անընդհատ չեն մտածում իրենց մասին ուրիշների դատողությունների վերաբերյալ:
Ինչպես նշեցինք, ինքնավստահությունը տարբեր կլինի՝ կախված իրավիճակից և ցանկալի հմտությունից։ Եթե ցանկանում եք իմանալ ձեր ինքնավստահությունը և ձեր ուժեղ և թույլ կողմերը, դուք պետք է իմանաք, թե որքան եք գնահատում ինքներդ ձեզ: Որքա՞ն եք զբաղվում ինքներդ ձեզնով: Որքա՞ն լավ գիտեք ձեր հմտությունները: Որտե՞ղ եք առավել վստահ: Ո՞ւմ հետ եք ավելի ինքնավստահ: Ո՞ր վայրերում եք ինքնավստահության կարիք զգում:
Իսկ եթե ցանկանում եք ճշգրիտ գնահատել ձեր ինքնավստահությունը, դիմեք կլինիկական հոգեբանի: Հոգեբանը կարող է ձեզ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել այս մասին՝ անցկացնելով հոգեբանական թեստեր և կլինիկական հարցազրույցներ:
Այժմ, երբ դուք համեմատաբար հասկացաք ինչ է ինքնավստահությունը, ավելի լավ է ծանոթանաք ինքնավստահության բարձրացման ուղիներին։ Պետք է իմանալ, որ ինքնավստահության բարձրացումը հեշտ և մեկ օրում չի լինում։ Ձեր մեջ փոփոխություններ մտցնելու համար ձեզ հարկավոր կլինի ժամանակ տրամադրել և որոշ վարժանքներ կատարել:
Հաջողության հասնելու համար դուք պետք է ուժ ունենաք փոխվելու և ձեր ապահով լուսանցքից դուրս գալու համար: Եթե ինչ-որ բան եք պատրաստվում անել, ձեր ողջ էներգիան ներդնեք առաջ շարժվելու համար: Պետք չէ ամբողջությամբ ռիսկի դիմել: Բայց դուք պետք է դադարեք լինել պահպանողական և ընդունեք, որ երբեմն պետք է ձախողվել հաջողության հասնելու համար:
Ինքներդ ձեզ հավատալն այն ռազմավարություններից է, որը շատ արդյունավետ է ինքնավստահությունը բարձրացնելու համար: Մարդու մտքում կարող է պատկերավորվել մի գաղափար, որի վրա նախկինում ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Բայց քանի որ նա ցածր ինքնավստահություն ունի, մերժում է այս գաղափարը կամ վարկածը առանց պատշաճ ուսումնասիրելու:
Փորձը կարևոր դեր է խաղում ինքնավստահության մեջ։ Ցածր ինքնավստահություն ունեցող մարդիկ չեն կարող հավատալ իրենց և իրենց հաջողությանը։ Նրանք ավելի քիչ են գործում և նույնիսկ այն քիչ դեպքերում, երբ ինչ-որ քայլերի են դիմում, նրանք բախվում են ձախողման: Այս մարդիկ իրենց անհաջողությունների մեջ նկատի չեն ունենում փորձի կարևոր և հիմնարար դերը։ Հաջողակ մարդիկ իրենց անհաջողությունների մեջ սովորում են փոքր և կարևոր կետեր, որոնք հանգեցնում են նրանց վերջնական հաջողության:

Սոցիալական կանոնները օգտագործեք հօգուտ ձեզ: Նկատի ունեցեք, որ սոցիալական չափանիշներն ու կանոնները առանց պատճառի չեն առաջացել, իսկ քաղաքակրթությունն առանց պատճառի պայմաններ ու կանոններ չի պարտադրում մարդկանց: Եթե դուք մասնակցում եք համագումարի կամ աշխատանքի հարցազրույցի կարևորեք ձեր հագուստը: Այս կետին ուշադրություն չդարձնելը կարող է հասարակության մեջ ձեզ չընդունելու գործոն լինել և ազդել ձեր ինքնավստահության վրա: Այլ կերպ ասած՝ հագեք համապատասխան հագուստ, ուշադրություն դարձրեք ձեր շարժումներին և մարմնի լեզվին և փորձեք սովորել լավ հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև օրինակ գտնելն օգնում է բարձրացնել ինքնավստահությունը: Ուստի, ձեզ համար սահմանեք կարևոր ուղեցույց և մոդել և սկսեք պլանավորել դրա հիման վրա և համեմատեք ձեր մտածողության տեսակը մոդելի կայացրած որոշումների հետ:
Փորձեք չվնասել ինքներդ ձեզ։ Օրինակ, ինչ-որ մեկը գովում է ձեր աշխատանքը և ասում, որ ձեր այսօրվա ելույթը գերազանց էր։ Հետո ի պատասխան ասում եք՝ «Իմ կարծիքով դա իսկական անհաջողություն էր»։ Խոնարհությունը տարբերվում է թերագնահատումից: Թերագնահատումն այն բացասական վարքերից է, որը քայքայում է մեր ինքնավստահությունը: Անցյալի հաջողությունների վրա կենտրոնանալը ինքնավստահությունը բարձրացնելու ամենակարևոր միջոցներից է։ Գրեք ձեր անցյալի հաջողությունները և կենտրոնացեք դրանց վրա: Այս հաջողությունները գրելիս ուշադրություն դարձրեք, որ շատ մեծ ու տարօրինակ իրադարձություններ չփնտրեք։
Կարևոր է մարդկանց հետ շփվելիս ճիշտ տոնայնություն ունենալը: Այդպիսով անհրաժեշտ է յուրաքանչյուր իրավիճակում կիրառել համապատասխան տեսակի տոնայնություն և խոսք։ Այդ նպատակով նախ սովորեք լսել, ապա գնահատեք խոսքը: Այս վարժություններում կիրառեք ձեր սովորածը և օգտագործեք այն, ինչ տեղին է: Միևնույն ժամանակ կարևոր է ագրեսիվ լինելու փոխարեն վճռական լինելը. Մի մոռացեք լինել ամուր, բայց քաղաքավարի: Եվ վերջին կետն այն է, որ ֆիզիկական վարժությունները կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքի առողջության համար։ Բացի այն, որ մարզանքը կարող է ձեզ համապատասխան կազմվածք հաղորդել և մեծապես առանձնացնել ուրիշներից, սրտի և շնչառության ռիթմը կանոնավորելու շնորհիվ այն նաև կբարձրացնի ձեր զգոնությունը և արձագանքման արագությունը: Մարդկային հարաբերություններում արձագանքման արագությունը կբերի ավելի մեծ հաջողությունների և արդյունքում՝ ինքնավստահության բարձրացման։
Մարդկանց մեծ մասը, ովքեր ունեն բարձր ինքնավստահություն, սիրում են իրենց։ Ինքդ քեզ սիրելու համար բավական է մտածել, որ դու Աստծո ստեղծագործություններից ու գլուխգործոցներից լավագույնն ես։ Աշխարհի ամենաբարդ համակարգիչները, թեև թվում է, թե ունեն բազմաթիվ հնարավորություններ, չեն կարող փոխարինել ձեր հիշողությանը: Դուք ձեզ ցածր եք գնահատում, երբ ձեզ ճիշտ չեք ճանաչում կամ երբ դիմացինին շատ արժեքավոր և մեծ եք համարում։
Սովորաբար մարդիկ զգացմունքային կերպով կարդում են նման լուծումները եւ վերջապես մի քանի շաբաթ անց վերադառնում իրենց նախկին կյանքին։ Ինքնավստահություն ձեռք բերելու համար խորհուրդ է տրվում նախ կանոնավոր պլան կազմել, ապա ուշադիր իրականացնել այն։ Գործնական և իրական պլանից սկսելու համար ավելի լավ է շփվել մասնագետի հետ: Հոգեբանական խորհրդատվական նիստերում, բացահայտելով ցածր ինքնավստահության հիմնական պատճառները և տրամադրելով վարժություններ, փորձ է արվում բարձրացնել դիմորդների ինքնավստահությունը։