Ընտելանանք (41)
https://parstoday.ir/hy/radio/world-i198420-Ընտելանանք_(41)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2023 06:10 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ողջույն, հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք տարբեր խմբերում առցանց հաղորդակցության սկզբունքներն ու ձևերը։ Այս հաղորդման ընթացքում մենք քննարկում ենք երախտագիտության թեման և դրա ազդեցությունը մարդկանց հարաբերություններում:

Հավատաք, թե ոչ, շնորհակալությունը շատ կարևոր բառ է ուրիշներին երախտագիտություն ցույց տալու համար: Երախտագիտությունն ու շնորհակալությունը երկու շատ պարզ բաներ են, որոնք, չնայած իրենց պարզությանը, մեզանից շատերը չեն դրսևորում: Շնորհակալություն հայտնելը կամ ինչ-որ բան անելը՝ երախտագիտությունը ցույց տալու համար, կարող է փոխել ձեր կյանքը: Թեև սա պարզ խնդիր է, այդպիսով դուք ներկայանում եք որպես վստահելի և գնահատող անձնավորություն ուրիշների աչքում և դրական էներգիա է առաջանում ձեզ մոտ: Այս տեսակ վարքագծի օրինակներ մենք, անշուշտ, տեսել ենք մեր կյանքում: Կան բազմաթիվ ճանապարհներ՝ Աստծուն և ձեր կյանքի մարդկանց շնորհակալություն հայտնելու համար:

Շնորհակալությունն ու երախտագիտությունը այն սովորույթներից են, որոնք նկատվում են տարբեր հասարակություններում՝ ըստ մշակույթի տեսակի և մարդկանց միջև շփման ձևի։ Շնորհակալություն հայտնելը համարվում է հաճելի պահվածք և արժեք, և մարդիկ շնորհակալություն են հայտնում և գնահատում միմյանց՝  միմյանց համար կատարած աշխատանքին և ջանքերին համապատասխան: Իհարկե, յուրաքանչյուր մարդ շնորհակալություն է հայտնում և գնահատում դիմացինին՝ ըստ իր բնավորության գծերի։

Ոմանք շնորհակալություն են հայտնում պարզ և սովորական ձևով, ասելով՝ շնորհակալ եմ կամ մերսի, իսկ ոմանք իրենց երախտագիտությունն են հայտնում պաշտոնական և պրոֆեսիոնալ ձևով: Կան երախտագիտություն արտահայտելու բազմաթիվ եղանակներ, որոնք ավելի անմիջական և կոնկրետ են: Յուրաքանչյուր ոք յուրովի է արտահայտում կամ ստանում սեր և կարեկցանք: Որքան շատ եղանակներ գիտեք երախտագիտություն հայտնելու համար, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենաք, որ դիմացինը ընկալի այն որպես իրական:   Կարելի է օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Ես հաճույք եմ ստանում քեզ հետ լինելուց», «Դու իմ լավագույն ընկերներից մեկն ես», և «Ես իսկապես գնահատում եմ այն, ինչ դու արեցիր ինձ համար»:

Սեր արտահայտելը, կարեկցանքը, վստահությունը, վեճերից և անարգալից վերաբերմունքից խուսափելը երախտագիտության ձևեր են, որոնք մենք բոլորս կարող ենք ցույց տալ այն մարդկանց հանդեպ, ում հետ շփվում ենք: Այդ ձևերի մասին ավելի ուշ կքննարկենք հաղորդման ընթացքում:

Իրականում, սիրալիր հաղորդակցությունը այն միջոցներից մեկն է, որով մենք կարող ենք ցույց տալ, որ երախտապարտ ենք մեր մյուս կողմին: Գործերից մեկը, որ մենք կարող ենք անել այս առումով, մեր մյուս կողմին ցույց տալն է, որ նա մեզ համար կարևոր է: Սեր արտահայտելը երախտագիտության տարածված մեթոդներից մեկն է՝ ուշադրություն ցուցաբերելու և ուրիշներին երախտագիտություն հայտնելու համար:

Երբեմն դուք կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը՝ վստահելով մեկ ուրիշին: Երախտագիտություն դրսևորելու ձևերից մեկը զուգընկերոջդ հետ հանգիստ լինելն է և նրան այնպիսի բաներ ասելը, որոնք ուրիշին չէիր ասի: Թող նա մոտենա ձեզ, և այդպես նա կնկատի ձեր գնահատանքը։ Դուք կարող եք նրան պատմել մի պատմություն ձեր մանկությունից, որն իսկապես կարևոր է ձեզ համար և որը նախկինում ոչ մեկին չեք պատմել:

Մարդիկ, ում դուք գնահատում եք, պետք է կարողանան վստահել ձեզ։ Ուստի ցույց տվեք նրանց, որ գնահատում եք նրանց կյանքը և իրական էմոցիոնալ կապ հաստատեք նրանց հետ: Երբեք մի հրաժարվեք նրանից, ով ձեզ ցույց է տալիս իր զգացմունքներն ու հույզերը. Որովհետև դա կհանգեցնի նրան, որ նա կամաչի և կհեռանա ձեզնից: Կրկին ու կրկին ցույց տվեք նրան, որ դուք նրա կողքին եք նրա գոյության պատճառով, որպեսզի այսպիսով ցույց տաք նրան ձեր երախտագիտությունը: Ձեր այս պահվածքը կստիպի նրան գնահատել ձեզ։

Եթե ​​դուք իսկապես գնահատում եք մեկին, ապա պետք է ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին կա: Դուք չեք կարող ստիպել ուրիշներին փոխվել: Սա ստիպում է նրանց զգալ անարժեք և մերժված: Եթե ​​համաձայն չեք նրանց արածի կամ ասածների հետ, փոխարեն որ ստիպեք նրանց անել այն, ինչ դուք ցանկանում եք, պարզապես համաձայնեք կամ  մի համաձայնեք: Մարդու հետ նման հարգալից պահվածքը գնահատման մեթոդներից մեկն է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ երբ համաձայն չես նրա հետ կոնկրետ հարցում, այնուամենայնիվ գնահատում ես նրան։

Երբեմն մենք այնքան ենք տարվում կյանքում, որ մոռանում ենք գնահատել մեր ընկերներին և սիրելիներին: Մեզանից շատերն իրենց կյանքում ամեն ինչի կամ որևէ մեկի գոյությունը համարում են որպես կանոն, և, իհարկե, մենք դա երբեք միտումնավոր չենք անում. Այսպիսով, երախտապարտ եղեք ձեր սիրելիներին և գտեք այս երախտագիտությունը արտահայտելու ուղիներ: Օրինակ՝ կարող եք նոթատետր ունենալ՝ գրի առնելու այն բաները, որոնց համար երախտապարտ եք, ապա կիսվել ընկերների և ընտանիքի հետ: Ուրիշներին գնահատելու ամենահեշտ ձևերից մեկը նրանց մասին հաճոյախոսելն է: Երբ հաճոյախոսում ես մարդու լավագույն հատկությունների մասին, իրականում ասում ես նրան, որ այդ հատկությունները գրավեցին քո ուշադրությունը և որ գնահատում ես դրանք: Փորձեք  դա անել հաճախ:

Երախտապարտ լինելու մեկ այլ միջոց՝ ուշադիր լինելն է։ Այս վարքագծերից մեկը աչքերի շփումն է: Երբ խոսում եք մեկի հետ, ուշադրություն դարձրեք նրա վրա։ Սա թույլ կտա նրան իմանալ, որ դուք հոգում և գնահատում եք իրեն: Խոսելիս կամ լսելիս նայեք նրա աչքերին և ցույց տվեք, որ ամբողջությամբ կլանված եք նրա ասածով: Բացի այդ, քանի որ վեճերը ժամանակի ընթացքում ոչնչացնում են ցանկացած հարաբերություն, եթե թեման լուրջ չէ, ապա չարժե վիրավորել դիմացինիդ զգացմունքները: Երբ խելամտորեն ընտրում ես տարբեր հարցերի շուրջ զրույցի տեսակը, ցույց ես տալիս նրան քո գնահատանքը։

Դուք կարող եք իսկական երախտագիտություն ցուցաբերել, երբ ինչ-որ մեկի կողքին եք, երբ նա դրա կարիքն ունի: Եթե ​​մեկը, ում դուք գնահատում եք, ձեզանից օգնություն է խնդրում, ամեն ինչ արեք նրան օգնելու համար: Եթե ​​գիտեք, որ նա դժվար ժամանակներ է ապրում, փորձեք ինչ-որ բան անել նրա համար, որքան կարող եք; Օրինակ, եթե նա դժվար իրավիճակում է, կարող եք օգնել նրան ուտելիք պատրաստել կամ տնային աշխատանք կատարել։

Նաև, երբ հարազատներից և մտերիմներից որևէ մեկի հետ եք, ձեր ամբողջ ուշադրությունն այդ պահին նվիրեք նրան։ Երբեք նրա հետ զրուցելիս հեռախոսով մի զբաղվեք կամ հեռուստացույց մի դիտեք: Լսեք նրան ձեր ամբողջ սրտով և անկեղծորեն ցույց տվեք, որ սիրում եք լսել, թե ինչ է նա ասում:

Երախտագիտություն դրսևորելու մեկ այլ միջոց, որը հեշտությամբ մոռացվում է, ներողություն խնդրելն է: Ներողություն խնդրեք, եթե վիճել եք ընկերոջ կամ սիրելիի հետ։ Սա ցույց է տալիս, որ անհամաձայնության համար մեղավոր եք և դուք, և  այնքան հարգում եք նրան, որ դա ընդունեք: Ուրիշներին զարմացնելը գնահատելու ևս մեկ միջոց է: Որովհետև դա ցույց է տալիս, որ դուք մտածել եք նրանց մասին։ Միևնույն ժամանակ, դա ցույց է տալիս, որ դուք բավական լավ եք ճանաչում նրանց, որպեսզի զարմացնեք նրանց ինչ-որ բանով, որը նրանք սիրում են: Սա կարող է լինել անսպասելի նվեր գնելը, ուտելիքը, որը նրան դուր է գալիս կամ ճանապարհորդելու հրավերը:

Ոչ վերբալ հաղորդակցման մեթոդների կիրառումը երախտագիտության մյուս մեթոդներից է։ Վարքագծերից մեկը, որի միջոցով դուք կարող եք ցույց տալ ձեր գնահատանքը, ֆիզիկական շփումն է: Ֆիզիկական շփումը սովորաբար ցույց է տալիս, որ դուք հոգում եք ինչ-որ մեկի մասին և գնահատում եք նրա գոյությունը:

Ձեր մտերիմ ընկերները կամ ընտանիքի անդամները սովորաբար ողջունում են գրկախառնությունը, ձեռքերը բռնելը կամ այլ սիրալիր ֆիզիկական շփումը: Իհարկե, եթե ցանկանում եք բռնել նրա ձեռքը կամ գրկել, պետք է վստահ լինեք, որ նա պատրաստ է և երբեք չանեք դա զոռով։

Ընդհանուր առմամբ, ոչինչ չի գերազանցում դեմ առ դեմ հաղորդակցությանը. Սակայն մեր օրերում մեր ամենօրյա շփումների մեծ մասը տեղի է ունենում հեռախոսի, էլ.փոստի և սոցիալական ցանցերի օգնությամբ: Այս կերպ մենք հեշտությամբ կարող ենք հասնել մեր սիրելիներին: Ուղարկեք նրան հաղորդագրություն և ասեք, թե որքան մեծ նշանակություն ունի նա ձեզ համար:

Տեքստային, աուդիո կամ վիդեո հաղորդագրություն ուղարկելը արագ և շատ հեշտ է: Այսպիսով, դուք կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը դիմացինի նկատմամբ։ Կարևոր է նաև ժամանակ հատկացնել այն մարդուն, ում մասին հոգ եք տանում, երբ նա ձեր օգնության կարիքն ունի: Երբեմն ստիպված ես մի կողմ թողնել այն ամենը, ինչ անում ես ու արագ գնալ նրան օգնելու։ Միշտ պետք է պատասխանատվություն զգաս նրանց հանդեպ, ում բարությունը գնահատում ես։

Ինչպես ասվեց, մարդկանց նույնիսկ փոքր բաների համար շնորհակալություն հայտնելով ու գնահատելով՝ մենք կարող ենք այդ մարդու համար երջանկություն և դրական էներգիա ստեղծել, և ի վերջո այդ մարդու դրական արտացոլումը անպայման կվերադառնա մեզ։