Փոդքասթ․Նոր պատուհան (Մաս 7-րդ՝ Պատերազմի արդյունաբերություն)
Այսօր անվտանգությունն այլևս համընդհանուր իրավունք կամ սրբազան ծառայություն չէ, այլ արևմտյան քաղաքականության կողմից այն վերածվել է ապրանքի, որից կարող է ավելի շատ օգտվել նա, ով կարող է ավելի շատ վճարել:
Հանուն Բարձրյալն Աստծո
«Եթե ինձ հարցնեք, թե արդյոք Ջորջ Բուշը լավ բան արե՞ց, երբ հարձակվեց Իրաքի վրա, ապա ես կասեմ՝ ոչ, բայց եթե հարցնեք, որ ուրախ ե՞ք, ապա ես կասեմ, որ իհարկե ուրախ եմ: Հուսով եմ, որ մյուս երկրները ևս հարձակման կենթարկվեն, քանի որ դա շատ լավ է մեր բիզնեսի համար»:
Այս խոսքերը մի քանի տարի առաջ ասել է զենք վաճառող Էֆրեյմ Դիվերոլին, ով ուներ զենք ներմուծող, «AEY» կոչվող փոքր ընկերություն։
2005 թվականի ամռանը մի օր Էֆրեյմը, ով ընդամենը քսան տարեկան էր, քայլում էր փողոցով, երբ պատահաբար տեսավ Դեյվիդ Փաքուզին՝ իր նախկին դպրոցականին, և առաջարկեց, որ նրանք միասին փոքր ընկերություն հիմնեն՝ զենքի վաճառքը ավելի լավ կազմակերպելու համար: Դեյվիդը հմուտ մարկետոլոգ էր և շատ լավ էր կարողանում վաճառել։ Ուստի Էֆրեյմը փորձեց համոզել նրան համագործակցել։ Մյուս կողմից, զենք վաճառքի գործում միջնորդությունը Էֆրեյմի ընտանեկան բիզնեսն էր։ Դեյվիդը դրական պատասխան տվեց, ու գործը սկսվեց։ Մի քանի փոքր պատվեր ընդունելուց հետո նրանք տեղեկություն են ստանում, որ ԱՄՆ֊ի պաշտպանության նախարարությունը մրցույթի է դրել մի ծրագիր, և դրան կարող են մասնակցել անվտանգության և ռազմական գծով աշխատող մասնավոր ընկերությունները։ Նրանք այս մրցույթին մասնակցեցին միջնորդի օգնությամբ, և քանի որ Պենտագոնը ցանկանում էր առաջ տանել փոքր բիզնեսին աջակցելու ծրագիրը, մրցույթը շահեց «AEY» ընկերության հայտը:
****
Երբ խոսվում է պատերազմի մասին, շատերը նայում են զոհերի թվին՝ հաղթող կողմը գտնելու համար, բայց նոր դարաշրջանում, հաղթողին պետք է փնտրել մարտադաշտից դուրս: Զենք վաճառող ընկերությունները ժամանակակից պատերազմների հաղթողներն են. Զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքից ստացած ապշեցուցիչ շահույթով նրանք կարողացել են ավելի շատ պատերազմներ կազմակերպել։ Միայն 2018 թվականին աշխարհում վաճառված սպառազինության և ռազմական ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 460 միլիարդ դոլար։
Երբ Արևմտյան Ասիայում կազմավորվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, սպառազինությունների սպասարկման ընկերությունները բարգավաճելու հիանալի պատրվակ գտան, հատկապես, որ լրատվամիջոցները անընդհատ ասում էին, որ աշխարհում անապահովությունն ավելի է մեծանալու։ Այս ընկերությունները արագացնում են իրենց արտադրական հոսքագծերի տեմպերը՝ փորձելով ուժեղացնել այդ խմբերը։
Զենքի վաճառականները լավ գիտեն իրենց գործը: Նրանք հիմնականում բացում են իրենց պահեստների դռները բոլորի առաջ, այնպես, որ երբեմն պատերազմի մեջ ներգրավված երկու կողմը զենք է գնում նույն կետից։ Այս բիզնեսի շահութաբերությունն այնքան բարձր է, որ վերջին մի քանի տասնամյակների բոլոր ամերիկյան նախագահներն աջակցել են դրան։ «Պատերազմների տիրակալ» (Lord of Wars) ֆիլմի առաջին դրվագում, որտեղ տեսախցիկը գետնին թափված փամփուշտների կույտի վրայով անցնում է ֆիլմի գլխավոր հերոսին, նա հետաքրքիր խոսք է ասում, որն ամփոփում է այն, ինչ անում են սպառազինության ընկերությունները: Նա ասում է՝ աշխարհում 550 միլիոն զենք կա, այսինքն՝ երկրի վրա ապրող 12 մարդուն մեկ զենք։ Հիմա միակ հարցն այն է, թե ինչպե՞ս զինել մնացած 11 մարդկանց։
******
Ամեն ինչ զենք վաճառելու մեջ չէ: Եթե ձեզ հասանելի լիներ 20-րդ դարի սկզբի ամենահզոր տնտեսական կենտրոնների ցանկը, ապա միմյանց հետևից շարված կլինեին միայն տարբեր երկրների բանակների անունները, որովհետև ժամանակին երկրների բանակներն են եղել ամենամեծ գործատուները: Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին ամերիկյան բանակը հասել էր 11 միլիոն մարդու ցուցանիշի։ Բայց համաշխարհային պատերազմների ավարտից հետո բանակի առանցքայնությամբ քաղաքականությունն այլևս անարդյունավետ էր, և կառավարությունները սկսեցին կրճատել իրենց անվտանգության և ռազմական ինստիտուտները։ Կապիտալիստական տնտեսությունը ներգրավեց աշխատուժի մեծ մասը, այնպես որ, եթե հիմա նայեք աշխարհի խոշորագույն գործատուների ցանկին, ապա կտեսնեք բազմազգ մասնավոր ընկերությունների անունները։ Ընկերություններ, ինչպիսիք են Walmart-ը, որն աշխարհի խոշորագույն ցանցային խանութներից մեկն է, կամ համակարգչային մասեր արտադրող «Foxconn» ընկերությունը, և հավանաբար, հենց հիմա դուք գործ ունեք այս ընկերության արտադրած մասերից մեկի հետ ձեր բջջային հեռախոսում:
Սակայն այս ցուցակում դուք կարող եք տեսնել մի ընկերության անունը, որը դուք նույնիսկ չեք էլ պատկերացնի, թե որքան մեծ է: Բրիտանական G4S ընկերությունը, որը հայտնի է որպես անվտանգություն ապահովող ընկերություն, գործում է որպես աշխարհում երրորդ խոշոր մասնավոր գործատու՝ Walmart-ից և Foxconn-ից հետո։
G4S-ը իր առաքելությունը սահմանել է՝ հիմնվելով ամբողջ աշխարհում անվտանգություն հաստատելու վրա, և առաջարկում է բազմազան ծառայություններ՝ գիշերային պահակությունից մինչև բանտարկյալների տեղափոխում, փողի և ոսկու փոխանցումից մինչև մասնավոր բանտերի կառուցում, փառատոների և համերգների կազմակերպումից մինչև պատերազմներ։
*****
21-րդ դարի սկզբին Արեւմտյան Ասիա ներխուժեցին ամերիկյան եւ բրիտանական բանակները, և այնտեղ կառավարությունների տապալումից հետո առաջացան նոր ու եկամտաբեր շուկա մասնավոր անվտանգային ընկերությունների համար։ Մերձավոր Արևելքում պատերազմի և օկուպացիայի տարիներին էր, որ G4S ընկերությունը դարձավ մեծ բազմազգ ընկերություն:
G4S-ը հսկա էր, որը ստիպված էր Իրաքի և Աֆղանստանի քաոսային շուկայում լուծել իր հարցերը կապված իր գործատուների անվտանգության ու ռազմական ծրագրերի հետ և ավարտին հասցնել դրանք։ Հենց սկզբից կտրուկ աճեց ընկերության բաժնետոմսերի արժեքը, և նրա տարեկան շահույթը հասավ 3 միլիարդ 700 միլիոն դոլարի: Հիմա, քսան տարի անց, պարզվել է, որ այդ ընկերությունների առկայությունը, թեև օգուտ չի տվել շրջանների բնակիչներին և նույնիսկ աշխատակիցներին, սակայն շատ եկամտաբեր բիզնես է եղել այդ ընկերությունների սեփականատերերի ու բաժնետերերի համար, թեև այս ընկերությունների առկայությամբ անվտանգությունը երբեք էլ չապահովվեց, իսկ վարձկան զինվորների ներկայությունը աննախադեպ մակարդակի հասցրեց քաղաքացիական անձանց մահվան և նույնիսկ նրանց աշխատակիցների զոհերի թիվը։ ԱՄՆ-ի Իրաք ներխուժման սկզբում մասնավոր վարձակալման հիմունքներով ծառայող զինծառայողների զոհերի թիվը ընդամենը 4% էր, սակայն մի քանի տարի անց նրանց զոհերի թիվը հավասարվեց ԱՄՆ բանակի պաշտոնապես ծառայող զինվորների զոհերի թվին։ Թեև ընկերությունները զգուշավոր են վիճակագրություն հրապարակելիս՝ իրենց բիզնեսը քննադատության չարժանանալու նպատակով, այնուամենայնիվ, այս բիզնեսը բարգավաճում է մարդկային կորուստներով։
*******
Այս տարիներին հաջողության թեմայով գրված բազմաթիվ գրքերի շապիկներին կարելի է տեսնել հաճախակի կրկնվող դեմքերի պատկերը։ Նրանցից մեկը Microsoft-ի գործադիր տնօրեն Բիլ Գեյթսն է, ով տևական ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդն էր իր առապելական հարստությամբ ու իր ընկերության մասնաբաժնով։ Շատերը նրան ճանաչում են որպես հաջողության խորհրդանիշ։ Սոցցանցերում քիչ չեն այն էջերը, որոնք հրապարակում են Բիլ Գեյթսի կարճ մոտիվացիոն նախադասությունները՝ որպես հաջողության գաղտնիք։ Նրանք խոսում են Բիլ Գեյթսի առավոտյան վաղ արթնանալու և շատ ընթերցանության մասին, այլ ոչ թե նրա քաջության և ռիսկի դիմելու մասին: Ոմանք նրա հաջողության ամենակարեւոր պատճառը համարում են նրա բարեգործական աշխատանքը, հատկապես Աֆրիկայի աղքատ շրջաններում: Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի գերիների խոշտանգումների դեմ բողոքի ցույցի ժամանակ պարզվեց, որ բարեգործական կազմակերպությունը G4S-ի բաժնետերերից մեկն է։
2010 թվականին, երբ լուրեր տարածվեցին պաղեստինցի գերիների խոշտանգումների և բանտային դաժան պայմանների դեմ բողոքի արտահայտման համար նրանց հացադուլի մասին, բոլոր հայացքները ուղղվեցին դեպի մեկ կողմ՝ G4S ընկերության:
G4S-ը իսրայելական բանտերի կապալառուն էր և այն որպես այդ խոշտանգումների առաջին մեղադրյալը, էմբարգոների թիրախ դարձավ հակասիոնիստական շարժումների կողմից և մի շարք իրավապաշտպան ակտիվիստներ հավաքներ կազմակերպեցին G4S կենտրոնական շենքի դիմաց Պաղեստինի դրոշով: Բողոքի ակցիաներ ուղղվեցին Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի դեմ, իսկ բարեգործական հիմնադրամի արձագանքն ավելի տարօրինակ էր.-« Մեր առաջնահերթությունը ավելի շատ գումար հայթհայթելն է մարդասիրական ծրագրերի վրա ծախսելու համար»։
*****
G4S-ի երկար ձեռքերն այժմ հասել են 16 արաբական երկրների: G4S-ի հետ Իրաքի համագործակցությունը ոչ միայն չդադարեց Ամերիկայի կողմից իրենց երկրի օկուպացումից հետո, այլև ընդլայնվեց, այնպես որ Իրաքի օդային հանգույցի, այսինքն՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը հանձնվեց այս ընկերությանը։
2020 թվականին այս օդանավակայանի անվտանգության կապալառուի դեմ աննախադեպ բացահայտում տեղի ունեցավ։ Իրաքի «Ասաիբ ալ-Հաղ» (Asa’ib al_haq) շարժման գլխավոր քարտուղար Ղեյիս Ալ-Խազալին (Qais Al-khazali) հեռուստատեսային հարցազրույցում նշել է, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում տեղակայված G4S ընկերությունը ներգրավված է եղել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավագ հրամանատարներ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի սպանության գործում։
Իրաքի օդանավակայանում անվտանգության ընդունված ընթացակարգն այնպիսին է, որ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում օդանավակայանի թռիչքուղու վրա, G4S-ը պետք է ներկա լինի օդանավակայանի որոշակի վայրում: Բայց միայն հենց այդ գիշեր և այդ թռիչքի օրը անգլիական այս ընկերության մեքենան ներկա չեղավ այդ վայրում, այլ կանգ առավ հենց ինքնաթիռի աստիճանների ու ուղեւորների իջնելու վայրի դիմաց։ Այնուհետև այս ընկերության անվտանգության աշխատակիցները ինքնաթիռի աստիճանների մոտ ձեռք են բերել այն տեսախցիկները, որոնց առաքելությունն էր դիտարկել թիրախային մեքենաների շարասյունը և ի վերջո հաստատել սպանությունը։
*****
Պատմությունը փոփոխվում է ազգայնական մտածողության որոշակի շրջանից հետո։ Սահմանները, քարտեզները և ինքնիշխանության կարգերը աստիճանաբար անիմաստ են դառնում, և տնտեսական ու ռազմական պետական ծառայությունների մեծ մասը հանձնվում են բազմազգ ընկերություններին: Անվտանգությունը դառնում է այնպիսի հասկացություն, ինչպիսիք են առողջությունը և կրթությունը, ու այլևս համընդհանուր իրավունք կամ սուրբ ծառայություն չէ, այլ արևմտյան քաղաքականության կողմից այն վերածվել է մի ապրանքի, որից կարող է ավելի շատ օգտվել նա, ով կարող է ավելի շատ վճարել: Դրա համար ոչ ոք բարի համբավով չի հիշում մասնավոր վարձատրվող զինծառայողներին։ Ոչ՚ Կրոնական ներշնչող մոտիվացիներ կան, ոչ՚ էլ խոսք է գնում երկրի դրոշի տակ ծառայելու մասին: Նրանց ոչ ոք հերոս չի անվանում, և անհնար է նրանց անունները տեսնել փողոցների ցուցանակների վրա, հրապարակում կամ թատրոնում, անկախ նրանից, թե նրանք Իրաքում են կռվում, թե Աֆրիկայում նավթի հարթակներ են հսկում։ Ճակատագիր, ինչպիսին է զենք արտադրող ընկերությունների սեփականատերերի ճակատագիրը։