Փոդքասթ․ Աշխարհի պատմությունը(10-րդ էպիզոդ. Մարդանման կենդանիներ)
https://parstoday.ir/hy/radio/world-i211056-Փոդքասթ_Աշխարհի_պատմությունը(10_րդ_էպիզոդ._Մարդանման_կենդանիներ)
Ամերիկյան խոշոր ցանքավայրերում ստրուկները պահվում էին մեծ շենքերում: Այս շենքերը սովորաբար փայտից էին, և դրանցից յուրաքանչյուրի մեջ կարող էր քնել մոտ 200 ստրուկ։ Այդ շինություններից մի քանիսն ունեին քարե պատեր և կավե տանիքներ։ Շենքի ներսը ամբողջովին մութ էր, պատի վրա կար  միայն մի փոքրիկ անցք կամ երդիկ, որը պաշտպանված էր երկաթե ճաղավանդակներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 04:05 Asia/Tehran

Ամերիկյան խոշոր ցանքավայրերում ստրուկները պահվում էին մեծ շենքերում: Այս շենքերը սովորաբար փայտից էին, և դրանցից յուրաքանչյուրի մեջ կարող էր քնել մոտ 200 ստրուկ։ Այդ շինություններից մի քանիսն ունեին քարե պատեր և կավե տանիքներ։ Շենքի ներսը ամբողջովին մութ էր, պատի վրա կար  միայն մի փոքրիկ անցք կամ երդիկ, որը պաշտպանված էր երկաթե ճաղավանդակներով։

Մի օր մի մարդ եկավ շիաների ութերորդ առաջնորդ՝ Իմամ Ռեզայի մոտ և տեսավ, որ նա  իր ստրուկների ու ծառաների հետ նստած է մի սփռոցի շուրջ հաց ուտելու համար: Տղամարդը զարմացավ Իմամի այս պահվածքից և ասաց. «Երանի ձեր սփռոցն  առանձնացնեիք ծառաների սփռոցից»: Իմամին դուր չեկավ նրա խոսքերը և ասաց. «Այս ի՞նչ խոսքեր են»։ Մեր Աստվածը մեկն է, և մեր ծնողները մեկ են, բոլոր մարդիկ Ադամի և Եվայի զավակներն են, ոչ ոք չի գերադասում մյուսին, և միմյանց նկատմամբ մարդկանց գերազանցության միակ չափանիշը նրանց բարեպաշտությունն է: Միակ բանը, որով տարբերվում են մարդիկ, նրանց հավատքի աստիճանն է Աստծո հանդեպ:

................................................ .. ............................

Թանկագին բարեկամներ, սա «Աշխարհի պատմությունը» փոդքասթի շարքից 10-րդ էպիզոդն է, որը հուշագրեր է մեծ ցանքատարածքների, բարձր շենքերի, գործարանների և բիզնես կենտրոնների մասին:

................................................ .. ............................

Ամերիկյան խոշոր ցանքատարածքներում ստրուկները պահվում էին մեծ շենքերում: Այս շենքերը սովորաբար փայտից էին, և դրանցից յուրաքանչյուրի մեջ կարող էր քնել մոտ 200 ստրուկ։ Այդ շինություններից մի քանիսն ունեին քարե պատեր և կավե տանիքներ։ Շենքի ներսը ամբողջովին մութ էր, պատի վրա կար  միայն մի փոքրիկ անցք կամ երդիկ, որը պաշտպանված էր երկաթե ճաղավանդակներով։ Սենյակի անկյունում մի փոս կար, որով բոլոր ստրուկներն օգտագործում էին իրենց բնական կարիքները հոգալու համար։ Տարածքը լեցուն էր ճանճերով ու տզերով։ Ստրուկները «դիվային կախարդ» մականունն էին տվել  տզերին, որոնք սարսափելի կերպով խայթում էին նրանց մարմինները և ծծում նրանց արյունը:

Ստրուկների կերակուրը սովորաբար խոզի ճարպ էր ու շաքարեղեգից ստացված՝ «Մաթ» կոչվող ​​ շաքարի հյութ, երբեմն էլ մի քիչ սուրճ էին նրանց տալիս։ Նրանք սկսում էին աշխատել արևածագից առաջ և շարունակում աշխատանքը մինչև մայրամուտ։ Ծխախոտի ցանքատարածքներում աշխատող ստրուկները պետք է հավաքեին ծխախոտի գարշահոտ տերեւները և հեռացնեին այդ տերևներին կպած որդերը, իսկ եթե չէին կարողանում հեռացնել բոլոր որդերը, ապա տերը ստիպում էր նրանց ուտել որդերը։ Ստրկատիրոջ հրամաններին ամենաչնչին անհնազանդությունը հանգեցնում էր խիստ պատժի: Յուրաքանչյուր ստրուկ պետք է որոշակի քանակությամբ բերք հավաքեր, իսկ եթե օրվա վերջում սահմանվածից ավելի պակաս բերք հանձներ, ապա նրան պատժում էին մտրակով։

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի գործարաններին ամեն օր ավելի մեծ քանակությամբ բամբակ էր անհրաժեշտ, իսկ անգլիական կառավարությունը հույս ուներ ավելի շատ հարկեր հավաքել այդ գործարաններից, ուստի ստրուկները չպետք է ծուլություն դրսևորեին Ամերիկայի բամբակի դաշտերում: Ցանքատարածքների սեփականատերերը թեժ մոմ էին լցնում իրենց գործը պատշաճ չկատարած ստրուկների թեւերին ու ձեռքերին, կամ նրանց մտցնում էին վառոդի մեջ ու լուցկի վառում։

................................................ .. ............................

Ավելի երջանիկ էին այն ստրուկները, ովքեր ագարակի փոխարեն աշխատում էին տիրոջ տանը։ Նրանք կարող էին ուտել իրենց տիրոջ կերակուրի մնացորդները կամ հագնել նրանց հին շորերը։ Տեխնիկական հմտություններ ունեցող ստրուկներն ավելի շատ ազատություն էին վայելում, հատկապես քաղաքներում, որտեղ նրանք կարող էին գնալ քաղաքի այլ մասեր: Այս ստրուկներից ոմանք տրվում  էին վարձով, ուստի նրանք ապրում էին իրենց տիրոջից հեռու և ավելի հարմարավետ կյանքով էին ապրում։ Այս վարձու ստրուկները, որոնք հմտացած էին որոշ արհեստների մեջ, հաճախ վարձով էին տրվում գործարանատերերին։ Գործարանում շեֆը լավ էր վարվում ստրուկների հետ, քանի որ նրանք ավելի շատ գիտելիքներ ու հմտություններ ունեին, քան ինքը, և եթե նրանք դժգոհ մնային, ապա կարող էին փչացնել գործարանի մեքենաներն ու հաստոցները՝ մոլորեցնելով գործարանատիրոջը մեքենայի խափանման պատճառի մասին:

Եթե այս գործարաններում արտադրությունն աճում էր, ապա ստրուկներն էլ պարգևատրվում էին։ Այս ստրուկները կարող էին բանկային հաշիվ բացել և իրենց փողերով լավ հագուստ և ուտելիք գնել։ Վարքագծի այս բոլոր փոփոխությունները պայմանավորված էին նրանով, որ գործարանատերերը անհանգստանում էին իրենց աշխատանքային գործիքների և արտադրության համար: Նրանք մտահոգված էին իրենց շահերով և ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում ավելի շատ շահույթ ստանալու համար:

................................................ .. ......................................

17-18-րդ դարերում Եվրոպայում և Ամերիկայում ստրկությունը դարձավ խոշոր և եկամտաբեր բիզնես։ Բիզնես, որը հանգեցրեց տարբեր կոմերցիոն եռանկյունների առաջացմանը։ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա ստրուկներ տեղափոխող նավերը, վերադարձի ճանապարհին, իրենց պահեստները  լցնում էին շաքարավազով, բամբակով, ծխախոտով, մաթով (շաքարեղեգից ստացած թանձր հյութ), համեմունքներով ու ոսկով, և վաճառում դրանք եվրոպական շուկաներում։ Այնուհետև նրանք իրենց նավերը բեռնում էին զենքով, գինով ու կտորներով և մեկնում Աֆրիկա։ Նրանք այդ ապրանքները տալիս էին աֆրիկյան ցեղախմբերի ղեկավարներին, ու նրանցից ստանում ստրուկներ ու վերադառնում Ամերիկա։ Որոշ առևտրականներ պարզեցրել էին այս եռանկյունին: Նրանք իրենց նավերը բեռնում էին ոգելից խմիչքների տակառներով ու մեկնում Աֆրիկայի ափեր։ Այնտեղ նրանք ցեղախմբերի առաջնորդներին տալիս էին ոգելից խմիչքներ, ու փոխարենը ստրուկներ էին ստանում։ Այնուհետև  մեկնում էին Կենտրոնական Ամերիկայում գտնվող Կարիբյան տարածաշրջան, որտեղ գտնվում էին շաքարեղեգի ամենամեծ ցանքատարածքները։ Կարիբյան ավազանում նրանք աֆրիկացի ստրուկներին փոխանակում էին մաթով, իսկ  այդ մաթը կրկին օգտագործվում էր ավելի շատ ոգելից խմիչքներ արտադրելու համար: Այն ժամանակ Եվրոպայում կային բազմաթիվ առևտրային եռանկյուններ։ Եռանկյուններ տարբեր երկրամասերի միջև՝ տարբեր ապրանքներով: Սակայն այս բոլոր եռանկյունները ունեին ընդհանուր գագաթ, և դա Աֆրիկան ​​էր: Այս բոլոր առուծախներում երկու ապրանք  էր ամենաշատը փոխանակվում. ստրուկ և գինի։

Եվրոպայից Աֆրիկա հասած գինին մարդկանց խելքահան էր անում՝ թեժացնելով  նրանց ագահության ու դաժանության կրակը։ Եվրոպացիների զենքերը խելքահան արված այս մտքերի տրամադրության տակ էր՝ քաղաքացիական պատերազմները մեծացնելու համար, որպեսզի այս քաոսի միջից ստրուկ կոչվող ապրանք ձեռք բերվի։  Ապրանք, որի առք ու վաճառքն բերում էր արտասովոր և ապշեցուցիչ շահույթ։ Այս արտառոց շահույթներն ամեն օր մեծացնում էր Աֆրիկայից Ամերիկա ստրուկների տեղափոխման տեմպերը, այնպես որ 20 տարվա ընթացքում, այսինքն՝ 1680-ից մինչև 1700 թվականը Աֆրիկայի անգլիական ընկերությունը առևանգեց մոտ 300,000 աֆրիկացիների իրենց ընտանիքներից ու ագարակներից և տեղափոխեց Ամերիկա: 1700-1786 թվականներին 610 հազար աֆրիկացիներ ուղարկվեցին միայն Ջամայկա, որտեղ նրա գյուղատնտեսական արտադրանքը մեծ նշանակություն ուներ Անգլիայի համար: Այդ նույն տարիներին անգլիացիները Հյուսիսային Ամերիկա են տեղափոխել նաեւ 2 միլիոն 130 հազար ստրուկի։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան մայրցամաքը Քրիստոֆեր Կոլումբոսի կողմից նվաճվելու պահից մինչև 18-րդ դարի վերջը, եվրոպացիները առևանգեցին 3 միլիոն 500 հազար աֆրիկացու և սարսափելի պայմաններում նրանց տեղափոխեցին Ատլանտյան օվկիանոսի այն կողմ՝ Ամերիկայի ափեր։

................................................ .. ...............

Ստրուկների առևտուրը և դրա ապշեցուցիչ շահութաբերությունը պատճառ էին դարձել, որ ով դառնում էր նրանց տերը իր դրոշմն էր դնում ստրուկների մարմինների վրա, որպեսզի փախչելու կամ գողանալու դեպքում նա կարողանար պնդել, որ ինքն է նրա սեփականատերը: Դա արվում էր ստրուկների մարմինն այրելով, այնպես որ մետաղի կտորը, որի վրա փորագրված էր ստրուկի սեփականատիրոջ անունը կամ նշանը, ամբողջովին թեժացվում էր կրակի մեջ, մի քանի հոգի բռնում էին ստրուկի ձեռքերն ու ոտքերը, իսկ մեկ ուրիշը թեժ երկաթը դնում էր ստրուկի կրծքին կամ թեւին։ Երբ ստրուկները վաճառվում էին, նոր սեփականատերն էլ իր դրոշմն էր դնում նրանց վրա։ Ստրուկները ցանկանում էին չհանձնվել մի նոր տիրոջ, որպեսզի այս տանջանքները նորից ու նորից չկրկնվեին։

Ստրկատերերը ստրուկներին դիտում էին որպես երկոտանի կենդանիներ, որոնք ստեղծված էին միայն նրանց ծառայելու համար և չունեին մարդկային իրավունքներ։ Միգուցե պատկերացնեք, որ այսօրվա աշխարհում նման մտածողությունը մարել է և ոչ մի մարդ նման մտածելակերպ չունի մեկ այլ մարդու նկատմամբ, բայց ընդամենը մի քանի օր առաջ Իսրայելի Սիոնիստական ​​ռեժիմի պաշտպանության նախարարն ասաց. «Բոլոր կողմերից կշրջափակենք Գազան։ Անջատելու ենք լույսը, ջուրը, սնունդն ու վառելիքը։ Փակվելու են բոլոր ճանապարհները։ Մենք պատերազմում ենք մարդանման կենդանիների դեմ»։

 

................................................ .. ............................

18-րդ դարում ստրուկների օրեցօր աճող գինը եվրոպական կառավարություններին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ստրկավաճառությանը: Երբ նավերը մտնում էին Եվրոպայի և Ամերիկայի նավահանգիստները, ստրկավաճառները նախ պետք է կառավարությանը վճարեին նավի պահեստում գտնվող ստրուկների մաքսատուրքը։ Կառավարությունները նավահանգիստներում այդ թանկ ապրանքներից ստանում էին ահռելի մաքսային վճարներ, և այդ եկամուտը նրանց համար ավելի կարևոր էր, քան որևէ այլ բան:

Այն օրերում այս եկամտաբեր բիզնեսը բոլորից շատ գտնվում էր Անգլիայի կառավարության ձեռքում, և հենց դա էր անհանգստացնում անգլիացի քաղաքական գործիչներին ու կառավարիչներին։ Նրանք անհանգստանում էին, որ կարող են կորցնել այս եզակի բիզնեսը։ Հետևաբար, նրանք փորձեցին ոչ միայն ընդլայնել իրենց վերահսկողությունը Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ստրուկների շուկաներում, այլև փորձեցին ստեղծել այնպիսի իրավիճակ աֆրիկացիների համար, որ նրանց ղեկավարները միշտ ցանկանային ստրկավաճառությունը և այլ տեսակի առևտրային գործունեությունը չգրավի նրանց ուշադրությունը:

18-րդ դարում Անգլիայի առևտրի վարչության ղեկավարներից մեկը խորհրդարանի պատգամավորներին ասել է. «Միգուցե մտածեք, որ եթե բամբակի, շաքարեղեգի և ծխախոտի մշակումը տարածվի Աֆրիկայում, ապա դա մեզ համար շահավետ կլինի Աֆրիկայի մոտ լինելու պատճառով, բայց դա այդպես չէ։ Աֆրիկյան ցեղախմբերի ղեկավարներն այժմ ապրուստ են վաստակում պատերազմով։ Այսինքն՝ պատերազմում գերի են վերցնում ու էս գերիներին մեզ վաճառում, բայց եթե դառնան հողագործ՝ զբաղվելով բամբակի կամ շաքարեղեգի մշակմամբ, ապա գերիներին կստիպեն աշխատել այս ագարակներում, ու էլ ստրուկ չի լինի, որ ծախեն մեզ։ Հետևաբար ստրկավաճառությունից ստացվող շահույթը կվերանա, կկազմալուծվեն  առևտրի եռանկյունները և կոչնչանան մեր ցանքատարածքները Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում: Մեր տեքստիլի գործարանները բամբակ չեն ունենա և մեր ամբողջ տնտեսությունը կքայքայվի, ուստի ոչ ոք չպետք է մտածի Աֆրիկայում գյուղատնտեսության բարգավաճման մասին»:

Այս օգտապաշտությունն ու մաքսիմալիստական նկրտումները դարեր շարունակ գոյություն են ունեցել եվրոպական հասարակության մեջ, և գուցե հենց այդ ապրելակերպն է ստիպել Թոմաս Հոբսին ասել, որ «Մարդը գայլ է մարդու նկատմամբ» (Man is a wolf to man): Հոբսը 17-րդ դարի անգլիացի քաղաքական փիլիսոփա է։ Նա գտնում է, որ «Մարդու մեջ կա անսահման անհագություն և մշտական ​​ցանկություն՝ ավելի մեծ ուժի հասնելու համար, և այդ ցանկությունը չի բավարարվում մինչև մահվան պահը, և դրա վերջաբանը այլ բան չէ, քան մահը»:

Թոմաս Հոբսը կարծում է, որ մարդն իր բնույթով սոցիալական էակ չէ, բայց նա դիմել է սոցիալական կյանքին անվտանգություն ապահովելու և անհատական ​​կյանքի խնդիրներից փախչելու համար, բայց այս նույն սոցիալական կյանքում մարդիկ նաև առճակատվում են իրենց ցանկությունները բավարարելու համար, և այդ առճակատման մեջ  հաղթում է նա, ով ավելի շատ ուժ ունի: Այս տեսակի մտածելակերպում ոչինչ կարևոր չէ, քան ցանկությունների և տենչանքների բավարարումը։ Ոչ մի պատվիրան այդքան չի հակասում մարդկային տեսակի հիմնական էությանը, որքան այս բարոյական պատվիրանը առ այն, որ «Սիրիր մարդկանց ինչպես քո անձը»։ Ըստ Հոբսի տեսակետի, եթե մարդը ցանկանում է ապրել հասարակության մեջ, ապա նա պետք է հրաժարվի իր իսկական էությունից և ընդդիմանա դրան։ Միգուցե եթե մենք էլ ապրեինք այն հասարակության մեջ, որտեղ ապրում էր Թոմաս Հոբսը, ապա ավելի լավ պատկերացում չունենայինք մարդկային էության ու ճշմարտության մասին։

................................................ .. ............................

Տասը դար նախքան Հոբսի կողմից մարդը մարդու նկատմամբ գայլ ներկայացվելը և մարդու միակ ցանկությունն ու նպատակը իր անսահման անհագության  ցանկությունների ու տենչանքի բավարարումը հայտարարվելը,  7-րդ դարում, շիաների չորրորդ առաջնորդ՝ իմամ Սաջադի տանը մի ստրուկ մի աման ջուր բերեց Իմամի համար, որպեսզի իմամը լվացի իր ձեռքերը: Հանկարծ ջրի ամանը ընկավ նրա ձեռքից ու դիպչեց իմամ Սաջադի գլխին։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ նրա գլուխը կոտրվեց։ Իմամը գլուխը բարձրացրեց դեպի ստրուկը։ Սխալ գործած ստրուկը, ով ճիշտ չէր ճանաչում Իմամին՝ կարծելով, որ խիստ կպատժի նրան, ինչպես մյուս տերերը, անմիջապես սկսեց կարդալ Ղուրանից այաներ, որոնք նախկինում Իմամ Սաջադն էր նրան սովորեցրել: Նա արտասանեց այս այան. «Բարեպաշտները զսպում են իրենց զայրույթը» (وَالْکَاظِمِینَ الْغَیْظَ): Իմամ Սաջադն  ասաց. «Ես զսպեցի իմ զայրույթը»: Ծառան իրեն ապահով զգաց և կարդաց այայի շարունակությունը. «Բարեպաշտները ներում են մարդկանց» (وَ الْعَافِینَ عَنِ النَّاسِ): Իմամ Սաջադն ասաց. «Թող Աստված ների քեզ»: Իսկ երբ ստրուկն իրավիճակն այդպիսին տեսավ, չարաշահեց իր տիրոջ բարությունն ու առատաձեռնությունը՝ արտասանելով վերջին այան՝ «Եվ Աստված սիրում է բարեգործներին» (الْمُحْسِنِینَ  وَ اللهُ یُحِبُّ): Իմամ Սաջադը ժպտաց ստրուկին և ասաց նրան. «Գնա, ես քեզ ազատեցի հանուն Աստծո»: