Նեցուկ լինել եղբայր մուսուլմաններին. Հռոմի պապը ցավակցել է ահաբեկչությունից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i105498-Նեցուկ_լինել_եղբայր_մուսուլմաններին._Հռոմի_պապը_ցավակցել_է_ահաբեկչությունից_տուժածներին
Հռոմի պապը դարձյալ բոլոր հավատացյալներին կոչ է արել «միավորվել խաղաղության աղոթքում` ատելությանն ու բռնությանը հակազդելու համար»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 17, 2019 19:10 Asia/Tehran
  • Նեցուկ լինել եղբայր մուսուլմաններին. Հռոմի պապը ցավակցել է ահաբեկչությունից տուժածներին

Հռոմի պապը դարձյալ բոլոր հավատացյալներին կոչ է արել «միավորվել խաղաղության աղոթքում` ատելությանն ու բռնությանը հակազդելու համար»։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին և հավատացյալներին կոչ արել հակազդել ատելությանն ու բռնությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս օրերին հակամարտությունների և պատերազմների ցավին, որոնք չեն դադարում տանջել մարդկությանը, ավելացավ նոր ցավ` Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթների վրա տեղի ունեցած սարսափելի հարձակումը։ Աղոթում եմ զոհերի հոգիների և վիրավորների ու նրանց հարազատների համար», – ասել է հովվապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

Հռոմեակաթոլիկ եկեղեցու ղեկավարը հորդորել է`«նեցուկ լինել մեր եղբայր մուսուլմաններին» և կրկին կոչ արել բոլոր հավատացյալներին «միավորվել խաղաղության աղոթքում և ժեստերում` ատելությանն ու բռնությանը հակազդելու համար»։

Հիշեցնենք` Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ի վաղ առավոտյան հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ էին մահացել։ Հրաձիգներից մեկը` Բրենտոն Տարանտը, ավստրալիական ծագում ունեցող 28-ամյա տղամարդ է, նա 17 րոպե իր սոցցանցում տեսահեռարձակել է, թե ինչպես է մզկիթում գնդակահարում մարդկանց։ Տեղի ունեցածից առաջ նա 37 էջանոց ուղերձ է գրել, որում պարզաբանել է` ով է ինքը և ինչու է կրակ բացել մզկիթում։

Ուղերձում նա հայտարարել է, որ դա «ահաբեկչական հարձակում է»։ Հարձակման հետևանքով ձերբակալել են 4 կասկածյալ` 3 տղամարդ և մեկ կին։Բրենտոնին մեղադրանքներ են առաջադրվել սպանության համար, շաբաթ օրը դատարանը նրա կալանքը հետաձգել է մինչև ապրիլի 5-ը։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Հայտնի է, որ մզկիթներից մեկում միջադեպի պահին շուրջ 300 մարդ է եղել։ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 50-ի։

armeniasputnik.am