Բալանսի փոփոխություն ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i105627-Բալանսի_փոփոխություն_ԵՏՄ_ում_և_ՀԱՊԿ_ում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անակնկալ հրաժարականն անշուշտ նոր իրավիճակ է ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ եվրասիական տարածության համար: Ընդ որում, այստեղ պետք է դիտարկել ոչ միայն եվրասիական ինտեգրացիոն նախագծեր ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն, այլև տարածությունն ընդհանրապես, ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 20:15 Asia/Tehran
  • Բալանսի փոփոխություն ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անակնկալ հրաժարականն անշուշտ նոր իրավիճակ է ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ եվրասիական տարածության համար: Ընդ որում, այստեղ պետք է դիտարկել ոչ միայն եվրասիական ինտեգրացիոն նախագծեր ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն, այլև տարածությունն ընդհանրապես, ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում:

Որոնք էին Նազարբաևի հրաժարականի բուն շարժառիթները. այստեղ իհարկե կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ: Ինչ խոսք, Ղազախստանը 30 տարի ղեկավարած անձը ինչ-որ պահի պետք է հեռանար ու իշխանության ղեկը փոխանցեր ժառանգորդին, ի վերջո՝ Նազարբաևը ծեր էր ու հիվանդ, սակայն մյուս կողմից՝ անշուշտ շատ կարևոր է, թե երբ է տեղի ունենում այդ բանը և ինչ փուլում: Ահա այս տեսանկյունից էլ հատկանշական է Ղազախստանում նախագահի փոփոխությունը և նոր նախագահի իրողությունը:

Նազարբաևը ըստ էության նույնիսկ ոչ թե հեռանում է, այլ բերում է նոր նախագահ, ինչը նշանակում է, որ նա փորձում է շրջել ինչ-որ հին բան, ինչի միջոց է դիտարկում հենց նոր նախագահի հանգամանքը: Ի դեպ, այս առումով հատկանշական է մեկ այլ բան, գուցե ավելի շուտ խորհրդանշական, որ Ղազախստանի նախագահի հրաժարականը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի ասուլիսից ժամեր անց: Այստեղ իհարկե չունենք այդ երկու իրողությունները կապելու անլրջություն, պարզապես հատկանշական էր այն, որ այդ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն էլ դիտարկում էր Արցախյան հարցն ու Հայաստանի նոր քաղաքականությունը իր նոր մարդ լինելու համատեքստում՝ ակնհայտորեն ցույց տալով, որ օգտագործում է գործընթացում իր նոր մարդ լինելու հանգամանքը՝ որպես նոր իրողություններ ձևավորելու մեկնակետ:

Ահա այս ֆոնին է հատկանշական, որ փաստորեն Ղազախստանն էլ «որդեգրում» է հայաստանյան տարբերակը: Թե ինչ նոր իրողություններ է մտադիր ձևավորել Ղազախստանի արդեն նախկին նախագահը՝ նոր նախագահ բերելով, իհարկե քննարկման հարց է: Կամ՝ ինչ հին իրողություններից է նա փորձում հրաժարվել նոր նախագահի միջոցով: Սակայն եվրասիական տարածությունում և մասնավորապես եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Ղազախստանի նախագահը փաստորեն երկրորդ «նոր մարդն» է, ըստ այդմ՝ նոր իրողությունների երկրորդ հայտը՝ Հայաստանից հետո:

Իսկ եթե դրան ավելացնենք նաև այն, որ այդ առումով վաղուց «ոչ ստանդարտ» վիճակ է Ղրղըզստանում, ապա ստացվում է, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծում՝ ԵՏՄ-ում, բալանս է փոխվում՝ 2:3 հօգուտ նորերի: Իհարկե այդ նորերը ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն այստեղ բուն խնդիրը հենց նորերի հանգամանքն է՝ անկախ առանձնահատկություններից և նրանց առանձին պետական ու քաղաքակրթական, արժեհամակարգային ռազմավարություններից:

Ի՞նչ են անելու Բելառուսն ու Ռուսաստանը կամ երկու «հները»: Այս համատեքստում էլ հետաքրքիր է, որ մոտ մեկ ամիս առաջ Պուտինն ու Լուկաշենկոն մանրամասն քննարկումների մեջ էին Սոչիում, գրեթե աննախադեպ՝ եռօրյա բանակցությամբ: Արդյո՞ք դրանք ներառում էին նաև եվրասիական տարածությունում հնի ու նորի այդ բալանսի յուրօրինակ փոփոխության հանգամանքը: Գնդակը հների՞ դաշտում է:

1in.am