ՄԻԵԴ աննախադեպ որոշումն ու նախկին իշխանության բանկային հաշիվները
(last modified Fri, 26 Jul 2019 09:13:47 GMT )
Հուլիս 26, 2019 13:43 Asia/Tehran
  • ՄԻԵԴ աննախադեպ որոշումն ու նախկին իշխանության բանկային հաշիվները

Մարդու իրավունքի եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ հօգուտ ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանի, որը մեկն է այն հարյուրավորներից, որոնց սեփականությունը դառնում էր «պետական կարիքների» ենթակա՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շինարարական բումի ընթացքում:

Հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այդ տարիներին էլ ԿԲ նախագահ էր, այդ բումը պետք է որակեր սպեկուլյատիվ: Բայց դա, իհարկե, այլ խոսակցության հարց է: ՄԻԵԴ-ը կայացրել է հերթական վճիռը, որը, հերթական լինելով հանդերձ, նաև աննախադեպ է: Բանն այն է, որ ըստ վճռի, Հայաստանի կառավարությունը, այսինքն՝ հարկատուն, պետք է Հայաստանի քաղաքացուն նրա խախտված իրավունքի համար վճարի 1 միլիոն 600 հազար եվրոյից ավելի փող: Իսկ հաշվի առնելով այն, որ այդօրինակ, այդ տարիներին «պետական կարիքների» պատճառով խախտված իրավունքների գործերը ՄԻԵԴ-ում դեռ շատ են, աննախադեպ փոխհատուցման որոշումը նախադեպ դառնալու դեպքում Հայաստանի հարկատուի վրա կարող է ընկնել անհարկի ու մեծ ծանրություն: Մեծ հաշվով ստացվում է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը իշխանությունից հեռացած լինելով անգամ, դեռ շարունակում է վտանգ ներկայացնել և լինել հանրային ու պետական կորստի աղբյուր: Ընդհանուր առմամբ կարելի էասել,որ այդ շրջանում քաղաքացիների հանդեպ գործված ապօրինությունները ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ դանդաղ գործողության ռումբ են:

Այս խնդիրն անշուշտ նոր չէ, սակայն դրսևորվում է նորովի՝ հաշվի առնելով նաև այն ներքաղաքական իրողությունները, որ կան այսօր Հայաստանում, և որոնցում գլխավոր դերակատարներից է նաև այն դատական համակարգը, որով խախտված իրավունքների համար մինչև հիմա վճարում է հարկատուն, թեև իրավունքները խախտվել են շատ կոնկրետ անձանց և խմբերի փողային ու իշխանական շահերի համար, և այդ տարիներին նախագահի կարգավիճակում գտնվող, ներկայումս մեղադրյալի կարգավիճակ ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, ի դեպ, իր հանդեպ ներկայիս գործերով դիմել է նաև ՄԻԵԴ պաշտպանությանը: Հետաքրքիր պատկեր է ստացվում. մարդիկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանության անօրինական քայլերից պաշտպանվում են ՄԻԵԴ-ում, և այդ նույն ՄԻԵԴ-ում պաշտպանություն է ակնկալում Ռոբերտ Քոչարյանը:

Պատկերը հիշեցնում է աբսուրդի թատրոն, որը կարող է հասնել «կատարելության», եթե ՄԻԵԴ-ը, պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում համակարգորեն իրավունքների խախտումից տուժած քաղաքացիներին և հարկատուների գրպանից փոխհատուցում սահմանելով նրանց համար, պաշտպանի նաև Ռոբերտ Քոչարյանին: Կհասնի՞ պատկերը աբսուրդի կատարելության, թե՞ ոչ: Համենայն դեպս այժմ այն բավականին բարձր նոտաի վրա է: Բարձր այն իմաստով, որ տասնյակ և հարյուրավոր մարդկանց իրավունքների խախտման գնով հսկայական բիզնես ծրագրեր իրականացրել և տասնյակ, հարյուրավոր միլիոններ է աշխատել մարդկանց մի քանի խումբ՝ իշխանական հովանու ներքո և հաճախ նաև մասնակցությամբ, սակայն այդ ամենի համար մեծացող փոխհատուցումներ պետք է վճարի պետական սուղ գանձարանը: Գոնե այդ աբսուրդը վերացնելու համար արդեն տևական ժամանակ հանրությունը դիտարկում է այն տարբերակը, երբ փոխհատուցումը, որ սահմանում է ՄԻԵԴ-ը խախտված դատական իրավունքների համար, վճարեն այդ իրավունքը խախտած դատավորները, ոչ թե բազմաթիվ կարիքներ ունեցող պետական գանձարանը կամ պարզապես հարկատուն:

Ներկայիս ֆոնին ՄԻԵԴ կայացրած աննախադեպ որոշումը էլ ավելի հրատապ է դարձնում այդ հարցը: Հսկայական փոխհատուցումները պետք է վճարեն մարդիկ, որոնք փող են աշխատել անօրինական դատական որոշումներով, մարդկանց իրավունքը խախտելով: Ընդ որում՝ ներկայիս փոխհատուցված ծավալները նրանց աշխատած փողի համեմատ թերևս կաթիլներ են, հատկապես երբ այդ փոխհատուցման փողերը իրենց չափով համադրում ենք, օրինակ, նրանց, նրանց որդիներից, դուստրերից, հարազատներից, բարեկամներից, ընկերներից յուրաքանչյուրի բանկային միայն մեկ հաշվին եղած տասնյակ միլիոնավոր դոլարների հետ:

Ըստ ամենայնի, ժամանակն է լրջորեն քննարկել կիրառման մեխանիզմների հարցը՝ պետությանը պատճառված և պատճառվող վնասի և հանրությունից յուրացվածի վերադարձի ռազմավարական խնդրի համատեքստում, որ իր առաջ դրել է թավշյա հեղափոխությունը:

1in.am