Վերափոխման տոնը հայոց տոնացույցի ամենանախնական տոներից մեկն է
Վերափոխման տոնը հայոց տոնացույցի ամենանախնական տոներից մեկն է: Այն սկզբնավորվել է 4-րդ դարում, իսկ 420-ական թվականներին ներառվել է Սահակ Պարթևի կողմից թարգմանած և խմբագրած «Կանոնք ընթերցուծոց»-ում:
Ի դեպ այս պարագայում ևս կատարվել է գրեթե նույն գործընթացը, ինչ Պայծառակերպության և Վարդավառի տոների դեպքում: Նախաքրիստոնեական Խաղողօրհնեքն ու Քրիստնոեական Վերափոխման տոնը միահյուսվել են՝ վերածվելով ծիսակարգային մեկ ամբողջության: Այսինքն տաճարներին բերք ընծայելու ծիսակարգը այնքան կենսունակ է գտնվել, որ քրիստոնեական մշակութային էքսպանսիան չի կարողացել դուրս մղել այդ ծեսը՝ ներառելով այն իր կանոնի մեջ:
Ի դեպ տաճարներին բերք ընծայելու ծիսակարգը առկա է հին աշխարհի գրեթե բոլոր կրոնական համակարգերում՝ Զրադաշտականությունից մինչև Հուդայականություն:
Աստվածածնին նվիրված տոները հայոց մեջ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելել, ընդհանրապես հենց աստվածածինն էլ առանձնահատուկ կարգավիճակ ունի Հայ առաքելական եկեղեցում: Համանման կարգավիճակ կարող ենք նկատել նաև Կաթոլիկ եկեղեցում, իսկ Ուղղափառ եկեղեցում այդպիսի մոտեցում չկա: Ի դեպ Հայոց տոնացույցում Աստվածածնին նվիրված 7 տոն կա:
Հայկական միջավայրում Աստվածածնի նկատմամբ գոյություն ունեցող առանձնահատուկ վերաբերմունքը կապված է հին հայերի դիցաբանական ընկալումների հետ, որոնց մեջ իգական աստվածությունները գերակա դիրքեր էին զբաղեցնում: Մասնավորապես Մարիամի մեջ են խտացված Անահիտի, Աստղիկի և Նանեի ֆունկցիոնալ հատկանիշները:
Վերափոխման տոնը սկզբնական շրջանում անշարժ է եղել՝ տոնվելով օգոստոսի 15-ին՝ 4-րդ դարից մինչև 10-րդ դարի վերջ և 11-րդ դարի սկիզբ: Բայց արդեն 11-րդ դարի ընթացքում այն փոխակերպվեց շարժականի՝ տոնվելով օգոստոսի 12-18 մինչև ընկած կիրակիներում՝ ըստ տարվա համապատասխանության:
Շնորհավորում եմ քրիստոնեական հանրույթին:
1in.am