Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i110705-Ձեզ_համարում_ենք_ՀՀ_ժողովրդավարության_բարեկամը._Վարչապետի_հրաժեշտի_հանդիպումը_Պյոտր_Սվիտալսկու_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2019 16:17 Asia/Tehran
  • Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: «Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝  թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես  Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», - նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Armenpress.am