2500 մետր բարձրության վրա. հողմաղացները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս
Հողմային էներգետիկան ցանկանում են ապագայում ընդլայնել և խոշորացնել` ավելացնելով դրան արևային վահանակները։ Նման համակցված կայանն ավելի արդյունավետ կաշխատի էլեկտրացանցի համար։
Երկար տարիներ Հայաստանում` Պուշկինյան լեռնանցքում, գործել է 2,6 ՄՎտ հզորությամբ մեկ հողմային էլեկտրակայան։ Երկրորդը, որը գտնվում է Զանգեզուրի լեռներում, աշխատում է 2015թ.–ից, երրորդը` Արևելյան Սևանի լեռներում գործարկվել է անցած տարվա վերջից։
Այստեղ` Սոթքի ոսկու հանքից ոչ հեռու, Zod Wind ընկերությունն արդեն տեղադրել է երկու հողմաղաց` 660 մեգավատ հզորությամբ գեներատորներով։ Այսինքն` ընդհանուր առմամբ` ավելի քան 1,3 ՄՎտ։ Ապագայում էլեկտրակայանի հզորությունը ցանկանում են հասցնել առնվազն 30 մեգավատի։
Վերջերս ընկերությանը էլեկտրականությունը վաճառելու համար սակագին են տրամադրել ` 52,3 դրամ մեկ կՎտ/ժ դիմաց, ներառյալ ԱԱՀ։ Այն Հայաստանում գործող ամենաբարձր սակագինն է և սահմանվել է հատուկ հողմային էներգետիկայի համար։ Բացի դրանից, էլեկտրացանցերը հողմային և արևային կայաններից պետք է 20 տարվա ընթացքում երաշխավորված գնեն ամբողջ էներգիան։
«Առայժմ մենք ստացել ենք 1,3 մեգավատի սակագին, բայց ուզում ենք հասցնել հզորություններն ավելի քան 30-ի։ Ուստի, բանակցություններ ենք վարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի այդ սակագինը տարածեն մեր ամբողջ նախագծի վրա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Zod Wind–ի հիմնադիր Սերգեյ Ազարյանը։
Այդ դեպքում կայանի աշխատակիցները կլինեն ոչ թե երեքը, ինչպես հիմա, այլ 30 և ավելի։ Ընդ որում, Հայաստանի համար նոր մասնագիտությամբ` «հողմաէներգետիկ»։
Հողմաղացները կիսում են Երևանից Ստեփանակերտ տանող ճանապարհը. դրանք գտնվում են Գեղարքունիքի մարզի և Արցախի Քարվաճառի շրջանի սահմանին։ Այստեղից 200-300 մետր հեռավորության վրա անցնում է Վարդենիս–Մարտակերտ նոր ճանապարհը։ Քանի որ հողմաղացները տեղադրված են սարերի գագաթին, այն էլ` 60–մետրանոց կայմերի վրա, ապա դրանք մի քանի կիլոմետր հեռավորությունից տեսանելի են։
Ամռանը կայանն արտադրում է ժամում 350-400 ԿՎտ էլեկտրաէներգիա։ Ձմռանը մշակումը բարձրանում է. ձմռան ամիսներին այստեղ փչում են մինչև 25 մետր վայրկյան արագությամբ քամիներ։ Պետք է ավելացնել, որ դրանք գտնվում են ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա` գումարած գետնից ևս 60 մետր բարձրությունը։ Եթե հողմաղացների թիակներին չհետևեն, ապա դրանց վրա մշտապես սառույց կառաջանա։ Բայց նոր կառուցվածքի տուրբինները` գնված Գերմանիայում, վիբրացիայի օգնությամբ նետում են իրենց վրայից սառույցը։
Ինչպե՞ս է հաջողվել ձեռք բերել դրանք։ Բանն այն է, որ Արևմուտքում հողմաղացների համար սկզբից բարձր սակագին են սահմանում, իսկ հետո աստիճանաբար նվազեցնում են այն` տուրբինների մաշվածությանը զուգահեռ։ Ուստի հողմաղացները շահագրգռված են իրենց գեներատորները հնարավորինս արագ փոխելու մեջ։ Այդ ժամանակ տեղում զարգանում է տեխնիկայի արտադրությունը և ավելի արագ են մշակվում նոր մոդելներ։ Իսկ հին հողմաղացները հարմար գներով վաճառում են ուրիշ երկրներին։
«Սարսափելի ոչ մի բան չկա. լավ էլ աշխատում է, մինչև հիմա չենք բողոքել», – հավելում է Ազարյանը։
Հողմային էլեկտրակայանի համար պետք է երկու բան` ոչ միայն խելառ քամի գլխավերևում, այլ նաև ամուր հող ոտքերի տակ. հողմակայանը կշռում է ավելի քան 120 տոննա։ Ուստի այստեղ ուսումնասիրում են ոչ միայն քամու ուժը և ուղղությունը, այլ նաև տեղանքի սեյսմակայունությունը։ Ընկերությունն արդեն նախապատրաստել է 24 հարթակ։
Ընկերությունը երազում է համակցված էլեկտրակայանի մասին` արևային–հողմային։ Նման մոդել քննարկվել է Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ էներգետիկայի փոխնախարարը Հայկ Հարությունյանն էր։ Հենց նա է հիմք պատրաստել Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման համար, այնուհետև առաջարկել արտոնություններ սահմանել արևային–հողմային համալիրների վրա։ Ուստի համակցված կայաններն ավելի հավասարաչափ կգեներացնեն էներգիան` առանց օրական խափանումների, որոնք դժվարություններ են ստեղծում ցանցի համար։
Իշխանափոխության հետևանքով կառավարությունից հեռացել է նաև Հայկ Հարությունյանը, իսկ նախագծի քննարկումները դադարեցվել են։ Մնում է հուսալ, որ դրանք կվերսկսվեն։ Հայաստանում մշտապես հայտնվում են նոր արևային և հողմային կայաններ, բայց արևի և քամու բաժինը հանրապետության էլեկտրականության գեներացիայի մեջ շատ քիչ է։
Որքան շատ աջակցել դրանց, այնքան շատ երկիրը մաքուր էներգիա կստանա։ Ճիշտ է, այն համեմատաբար թանկ է, բայց «կանաչ» տեխնոլոգիաներն աշխարհում մշտապես էժանանում են։ Ուստի ավելի լավ է նախօրոք պատրաստվել։
armeniasputnik.am