Հայաստանի դերակատարումը ընդգծող քայլ է. Իրանում բավականին դրական են ընկալել Փաշինյանի հրավերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110802-Հայաստանի_դերակատարումը_ընդգծող_քայլ_է._Իրանում_բավականին_դրական_են_ընկալել_Փաշինյանի_հրավերը
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական միության վեհաժողովը, Հայաստան են ժամանելու ԵՏՄ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ներկա լինելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2019 16:55 Asia/Tehran
  • Հայաստանի դերակատարումը ընդգծող քայլ է. Իրանում բավականին դրական են ընկալել Փաշինյանի հրավերը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական միության վեհաժողովը, Հայաստան են ժամանելու ԵՏՄ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ներկա լինելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի և իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

«Դատելով իրանական մամուլի հրապարակումներից՝ Հայաստանի վարչապետի հրավերը բավականին դրական է ընկալվել, դրան նախորդել էր նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը, երկուստեք կարևորվել էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումը, այլ նաև ԵՏՄ-ի շրջանակներում»,- ասաց Արմեն Իսրայելյանը՝ շեշտելով, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, կժամանի Հայաստան, եթե արտառոց դեպքեր չլինեն:

Մինասյանն իր հերթին կարևորեց հոկտեմբերին տեղի ունենալիք միջոցառումը՝ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի դերակատարման տեսանկյունից: «Հայաստանը հանդիսացել է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հարցով հիմնական բանակցողը Եվրասիական կողմից: Այժմ նույն Հայաստանը բավականին ակտիվ բանակցություն է իրականացնում Եգիպտոս-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ երկրներից թերևս միակն է, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ, իհարկե, Հայաստանի համար բավական կարևոր է Իրանի և ԵՏՄ-ի, մասնավորապես Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության խթանումը, տնտեսական համագործակցության զարգացումը, և Իրանի նախագահի ներկայությունը հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին բավական խորհրդանշական է, մյուս կողմից Հայաստանի դերակատարումը ընդգծող քայլ է, որովհետև հենց Հայաստանն է եղել հիմնական բանակցողը Իրանի հետ»:

1in.am