Հայաստանում քրգործ է հարուցվել ՌԴ-ից զենք մատակարարելու մրցույթի ձախողման պատճառով
Զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերություն, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլար գումարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:
Շուտով, սակայն, հայտնի դարձավ, որ մրցույթը փակվել է առանց բացատրության: ORSIS ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, որի արդյունքում դատական հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է քրեական գործի մասին տեղեկատվությունը:
«Բոլոր լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն քննչական մարմինների աշխատանքների ավարտին», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Գործի մանրամասները
ORSIS ընկերությունը Promtechnology խմբի մաս է կազմում, որը մի քանի տարի է մատակարարում է Երևան զենք, զինամթերք և օպտիկա: Ընկերությունից հայտնել են, որ այժմ իրենք սև ցուցակում են:
«Գործակալությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տրամադրեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել է մներկայացնել: Արդյունքում մեզ հայտնեցին, թե մենք չենք տրամադրել որոշ ապրանքների ընդունման-հանձնման ակտեր», - ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:
Ըստ նրա, ՀՀ Պաշտպանության նախարարությունը նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլար բանկային երաշխիք, չնայած օրենքով դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունը շահել է մրցույթում և ինքը հրաժարվել պայմանագիր կնքելուց:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցումը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներեվ, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է:
Verelq.am