Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i112334-Կյանքն_ապրեք_որպես_երիտասարդ_մարդ._Արմեն_Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 14:01 Asia/Tehran
  • Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին:

Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ:

Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց: «Մեր ազգը հավատում է ապագային, կարողանում է փոփոխությունների հասել, փոփոխություններ, որոնք կզարմացնեն ուրիշներին: Մեր ազգը լի է հույսով և խանդավառությամբ, հավատով դեպի ապագա, ուստի, կարծում եմ, որ մեզ հետ գործընկերությունը կօգնի նաև Եվրոպային, որպեսզի նա մնա երիտասարդ, սովորի մեզնից, մեր կենսափորձից: Ժամանակը կանգ չի առել, չկա վերջին կանգառ: Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես գործընկեր, ում հետ կարող ենք միասին սովորել, գաղափարներ հղանալ,-ավելացրել է նախագահը՝ նկատելով, որ պահանջները փոխվում են նաև թվային աշխարհում և նույն Եվրոպան թվային աշխարհում շատ բան պետք է սովորի մյուսներից: -Ես պատրաստ եմ շարունակել օժանդակելու ձեզ՝ ԵՄ երիտասարդ դեսպաններիդ, որպեսզի ԵՄ-ն ավելի երիտասարդ դառնա, ունենա 21-րդ դարի արժեքներ: Այս աշխարհը փոխվում է: Հիմա մարդկանց ձայնը լսելի է ամեն րոպե: Պետք է բոլոր ոլորտներում խելացի ապրել, ես պատրաստ եմ աջակցել գործընկերների հետ համագործակցությանը, խրախուսել երիտասարդ սերնդին, որ ակտիվորեն մասնակից լինեն այս ստարտափ պետության զարգացմանը»:

Նախագահ Սարգսյանն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է համաժողովի մասնակիցների հետ: Պատասխանելով մարտահրավերների մասին հարցին՝ նախագահը նշել է, որ ստարտափները, որպես կանոն, սկսվում են մի քանի մարդկանցով, ովքեր ունեն գաղափար, որին հավատում են, սակայն փոքր ստարտափը հաջողակ դարձնելու համար միայն գաղափարը բավարար չէ, պետք է ունենալ տեսլական: Նա կարևոր գործոններ է համարել կրթությունը, այսինքն՝ հաջորդ սերնդի  պատրաստումը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծումը. «Չես կարող ունենալ ստարտափ առանց անհրաժեշտ միջավայրի: Հայաստանում թվային համակարգը զարգացնելու համար պետք է խոշոր ընկերություններին բերել հետազոտություն իրականացնելու այստեղ: Նրանց ներկայությունը ճիշտ միջավայր է ստարտափների համար: Շատ կարևոր է, որ ոչ միայն  աշխարհն իմանա մեր  մասին, այլև մենք իմանանք աշխարհի մասին»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչվում է ATOM, և որի շրջանակում նախատեսվում է խոշոր ընկերությունների՝ IBM, Thalles, Dassault, բերել Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ անելու: «Դա երիտասարդ սերնդին կօգնի ապրել ճիշտ միջավայրում, որտեղ կարող են սովորել խոշոր ընկերություններից: Մենք պետք է ինտեգրենք նաև երկիրը: Այս երկիրը չի սահմանափակվում միայն Երևանով, դրանից դուրս ևս կան տաղանդավոր մարդիկ:  Դրա օրինակն  է  Լոռիի  COAF-ը, -ընդգծել է նախագահը:  Հավատացած եմ, որ ապագայում  շատ մարտահրավերներ են լինելու, բայց մի մոռացեք, որ ցանկացած մարտահրավեր հնարավորություն է: Դուք կարող եք ձեր կյանքն ու հաջողությունը կառուցել մարտահրավերի ու հնարավորության վրա, և դա երկիրն ավելի ամուր կդարձնի»:

Armenpress.am