Twitter-ում ուժի մեջ է մտել գաղտնիության նոր քաղաքականությունը
(last modified Wed, 01 Jan 2020 10:27:13 GMT )
Հունվար 01, 2020 13:57 Asia/Tehran
  • Twitter-ում ուժի մեջ է մտել գաղտնիության նոր քաղաքականությունը

Twitter-ում չորեքշաբթի օրը ուժի մեջ է մտել գաղտնիության նոր քաղաքականությունը։ Միկրոբլոգների ցանցի վարչակազմը պարտավորվել է օգտատերերին լայն տեղեկատվություն տրամադրել, թե ինչ տեղեկություններ են իրենց մասին հավաքում, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության համար ինչ միջոցառումներ են կիրառվում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ծրագրված փոփոխությունների մասին հայտարարվել էր 2019թ․ դեկտեմբերին։ «Մենք կարծում ենք, որ ընկերությունները պետք է հաշվետու լինեն այն մարդկանց, որոնք իրենց անձնական տվյալները վստահում են նրանց, ինչպես նաեւ ոչ միայն ապահովեն տեղեկատվության պահպանումը, այլեւ բացատրեն, թե ինչպես են դա անում»,- ընդգծվում է վարչակազմի հայտարարության մեջ։ Twitter-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ իրենք այդ ոլորտը «բարելավելու հնարավորություններ» ունեն։

Գլխավոր նորամուծություններից մեկը «Twitter-ի գաղտնիության կենտրոն» ցանցային ռեսուրսի ստեղծումն է։ Այնտեղ պատմվում է, թե աշխատակիցներն ինչ միջոցներ են կիրառում օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար։

Կայքում, մասնավորապես, ներկայացված են հոդվածներ, որոնք պատմում են 2018թ․ ԵՄ-ի կողմից սահմանված Տվյալների պահպանման ընդհանուր կանոնակարգի մասին։ Բացի դրանից, հրապարակված է տեղեկատվություն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության մասին, որն ընդունվել է Կալիֆոռնիայում, որտեղ գտնվում է Twitter-ի գլխավոր գրասենյակը։ Այս օրենսդրության որոշ դրույթներ եւս չորեքշաբթի օրն են ուժի մեջ մտել։

Գաղտնիությանը վերաբերող նոր կանոններում, պարզաբանվում է, որ Twitter-ի աշխատակազմը օգտատերերի կողմից ցանցում տեղադրված տեղեկատվության հետ որոշակի գործառույթներ կատարելու, այդ թվում դրանք այլ լեզումներով թարգմանելու իրավունք ունի։ Նշվում է նաեւ, որ ընկերությունները, որոնք մշակում են սոցցանցի համար տարբեր առաջարկությունները, հասանելիություն ունեն այնտեղ հրապարակվող հաղորդագրություններին։ Անվանափոխվել են նաեւ մի քանի ծառայություններ։

Իրավաբանական գործոնը

Գաղտնիության քաղաքականության փոփոխություններից մեկն այն է, որ այժմ «ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Եվրոպական տնտեսական գոտու սահմաններից դուրս» ապրող օգտատերերին ծառայություններ է մատուցում Twitter ընկերությունը, որը բազավորված է Սան Ֆրանցիսկոյում։ Նախկինում դա անում էր նրա Twitter International Company դուստր-կառույցը, որի գլխավոր գրասենյակը Իռլանդիայում է։ Դա աշխատակազմին թույլ է տալիս ամբողջ աշխարհի օգտատերերին սպասարկելիս ղեկավարվել ԱՄՆ, այլ ոչ թե ԵՄ օրենսդրությամբ։

Twitter-ի ներկայացուցիչ Դեմյեն Կիրենը դեկտեմբերին Reuters-ին տված հարցազրույցում պարզաբանել էր, որ սոցցանցն այս փոփոխությունների արդյունքում ավելի հեշտությամբ կթեսթավորի նոր գործառույթները։

Twitter-ի աշխատակիցները նշել են, որ տարատեսակ նոր գործառույթնների թեսթավորման համար «ճկունության կարիք ունեն»։ Սոցցանցի ղեկավարության կարծիքով՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը «համեմատաբար նոր է, սակայն, ըստ դրա նախկին մեկնաբանությունների, ամենայն հավանականությամբ, նման ճկունության հնարավորություն չի ապահովում»։

news.am