Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան
https://parstoday.ir/hy/news/armenia-i115916-Անասնաբույծների_ու_մսավաճառների_բողոքի_ակցիան
Մի քանի հարյուր անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից կառավարության շենքի դիմաց բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք կրկին նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել հունվարի 17-ին, կառավարությունից որևէ արձագանք չստանալով, որոշել էին դադարեցնել ու շարունակել այսօր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 20, 2020 13:03 Asia/Tehran
  • Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան

Մի քանի հարյուր անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից կառավարության շենքի դիմաց բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք կրկին նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել հունվարի 17-ին, կառավարությունից որևէ արձագանք չստանալով, որոշել էին դադարեցնել ու շարունակել այսօր:

Նրանք պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:

Անասնաբույծները և մսավաճառները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։Կառավարության մոտ սպանդանոցների պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները փակել էին, ապա ոստիկանների հորդորով բացել էին Տիգրան Մեծի պողոտան:

Նրանք սպառնում են, որ այսօրվանից խանութներին միս չեն մատակարարի։Մինչ ֆերմերներն ու մսագործները կառավարության շենքի առջև ցույց էին անում՝ բողոքելով սպանդանոցների գործարկման դեմ, Բագրավան համայնքի բնակիչները Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել էին ճանապարհը։ Գյուղերի բնակիչները կառավարությունից պահանջում են կենդանիներին սպանդանոցում մորթի տանելու օրենքի կիրառումն իրենց համար հետաձգել մի փոքր ժամանակով, քանի որ տարածքում կառուցվում է և շուտով պատրաստ կլինի իրենց սպանդանոցը:

Սպանդանոցը, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտ չափանիշներին համապատասխան օրը 5-10 անասունի մորթ կազմակերպել, պատրաստ կլինի մայիսին: Գյուղացիներն ակնկալում են, որ գործադիրը հնարավորություն կտա օրենքի կիրառումը հետաձգել մինչև սպանդանոցի աշխատելը:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը, որ եկել է գյուղացիների հետ հանդիպման, խնդրել է նախ բացել միջպետական ճանապարհը, հետո էլ դիմել է գյուղացիներին` հորդորելով սպասել, մինչև վաղը այս թեմայի շուրջ կառավարությունը կքննարկի ու որոշում կկայացնի, թե ինչ տարբերակներ կառաջարկվեն այն մարզերին, որտեղ սպանդանոցներ չկան:

Անասնապահները ճանապարհը բացել են, բայց շեշտել՝ նորից ոտքի կկանգնեն, եթե իրենց պահանջը չկատարվի:

 

armradio.am