Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը հետաքրքիր նախագիծ է, սակայն տարածաշրջանային «մթնոլորտը» տրամադրող չէ։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ Մեղրիի նավթավերամշակող գործարանի համար նավթ կարող է ստացվել նաև Իրան–Հայաստան գազատարի միջոցով։
«Դա շատ հետաքրքիր ծրագիր է, որն իր մեջ պարունակում է երկու սցենար։ Մեկը նոր նավթատարի կառուցում, մյուսը, ինչքան էլ զարմանալի է, նույն գազատարի օգտագործումը։ Պարզվում է` այդպիսի փորձ կա և այն փայլուն գործում է», – ասաց Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի գործարանում իրանական նավթի վերամշակման և նրա հետագա արտահանման հնարավորությունը։
Այսինքն` նույն գազատարն օգտագործվում է և՛ գազ, և՛ նավթ մղելու համար։ Հատուկ մխոց է օգտագործվում, որը նավթից հետո մաքրում է խողովակը, որից հետո կրկին գազ են բաց թողնում։
Մասնագետները պնդում են, որ սա լիովին հնարավոր է։
«Համենայնդեպս դա հնարավոր է փոխադարձ շահագրգռվածության դեպքում։ Ուղղակի կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերի անդրադառնալը ավելի իրատեսական է... պետք է հասկանալ, թե ուր է տանում ԱՄՆ–Իրան լարվածությունը։ Օրինակ` մի հատ բարձրավոլտ պետք է կառուցենք, քանի տարի է դոփում է տեղում և ուշանում։ Հույս ունենք, որ հիմա կլինի», – նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով` նավթավերամշակման գործարանի կառուցման նման ցանկացած նախագիծ, ենթադրում է այլ մթնոլորտ, որտեղ Իրանը իր վրա կվերցնի պարտավորություններ և կկարողանա դրանք կատարել։
Հիշեցնենք, որ հայ–իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը քննարկվում է 2000–ականների վերջից։ Սակայն բանակցություններից և երկու կողմի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ սայլը տեղից չի շարժվել։
Ինչ վերաբերում է «Իրան–Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծին, ապա շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչև 2020 թվականի վերջ։
armeniasputnik.am