ՌԴ-Իրան-Հայաստան. Պանթուրքիզմը «զսպող» կոալիցիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i118071-ՌԴ_Իրան_Հայաստան._Պանթուրքիզմը_զսպող_կոալիցիա
Այս տարի տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որը կկայանա Վրաստանում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 10, 2020 17:40 Asia/Tehran
  • ՌԴ-Իրան-Հայաստան. Պանթուրքիզմը «զսպող» կոալիցիա

Այս տարի տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որը կկայանա Վրաստանում:

Անկարա-Բաքու տանդեմը Հարավային Կովկասում կառուցում է «թուրքական կիսալուսին», որը սպառնալիք է ՀՀ-ին, Իրանին և ՌԴ-ին, քանի որ Թուրքիայի իշխող էլիտան չի հրաժարվել պանթուրքիզմի, պանիսլամիզմի և նեոօսմանիզմի քաղաքականությունից:

Պանթուրքիզմի ռազմավարությունը ՌԴ-ի հարավային, իսկ Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով իրականացնելու համար թուրք-ադրբեջանական տանդեմը շեշտը դնում է Վրաստանում և Իրանում բնակվող թյուրքական տարրի վրա, ինչպես նաև խոշորածավալ ներդրումների ու տնտեսական ծրագրերի վրա՝էներգետիկ-տրանսպորտային միջանցքներ, լոգիստիկա և soft power՝ թյուրքական սեպարատիստական ՀԿ-ներ և այլն:

Նշենք, որ Անկարա-Բաքու տանդեմի պանթուրքիստական ռազմավարության հիմնական թիրախը Հարավային Կովկասում ՀՀ-ն ու ԼՂ-ն են, որոնք կանգնած են Մեծ Թուրանի կառուցման ճանապարհին:

Անկարան և Բաքուն փորձում են ՀՀ-ի ու ԼՂ-ի սահմանների երկայնքով ձևավորել «թուրքական կիսալուսին»:

«Թուրքական կիսալուսինը» կամ թյուրքական առանցքը սկիզբ է առնում Թուրքիայից ու Նախիջևանից՝ՀՀ-ի արևմուտքում և ձգվում է մինչև ղարաբաղա-ադրբեջանական սահման կամ շփման գիծ:

Անկարան և Բաքուն «թուրքական կիսալուսինը» ցանկանում են օգտագործել հայկական տարրի ամբողջական շրջափակման համար՝հսկողություն հաստատելով ՀՀ-ի կենսական նշանակության լոգիստիկայի նկատմամբ:

ՀՀ-ի կյանքի ճանապարհներն անցնում են Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանով, որտեղ Բաքուն ամրապնդում է ադրբեջանական գործոնը տնտեսական, էներգետիկ, ներդրումային ծրագրերով: Իր հերթին, Թուրքիան լոբբիստական աշխատանք է տանում Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերադարձման ուղղությամբ՝ցանկանալով փոխել հիմնականում հայաբնակ Ջավախքի էթնիկ-կրոնական դեմքն ու ՀՀ-ի հյուսիսային ողջ սահմանների երկայնքով ունենալ թուրքական միջանցք:

ՀՀ-ի հարավային կյանքի ճանապարհն անցնում է Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններով ու այնտեղ նույնպես Անկարա-Բաքու տանդեմն ուժեղացնում են պանթուրքիստական գաղափարներն ու Իրանի կազմաքանդումը բխում է այդ տանդեմի շահերից, քանի որ այդ պարագայում ՀՀ-ի հարավում կձևավորվի Մեծ Ադրբեջան պետությունը, որը կլինի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող քվազիպետություն՝հակահայկական ուղղվածությամբ:

Պանթուրքիզմի տրամաբանական շարունակությունն ու ռազմավարության մի մասն է կազմում պանազերիզմի գաղափարախոսությունը:

Այդ ռազմավարությունը հայտնի է Միացյալ Ադրբեջան (Bütöv Azərbaycan) անունով: Այդ ծրագրի հեղինակը ադրբեջանցի քաղաքագետ, գրող Փերուզ Դիլանչին է: Այն մշակվել է 1990-ականների սկզբին և զարգացում ստացել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից, որը պնդում էր, թե Ադրբեջանի սահմանները պետք է ձգվեն ՌԴ-ի Դերբենտ քաղաքից մինչև Պարսից ծոց:

Մեծ կամ Միացյալ Ադրբեջանի մեջ ենթադրվում է, որ պետք է մտնեն մի քանի տարածաշրջաններ, որտեղ կոմպակտ բնակվում կամ ժամանակին բնակվել են ադրբեջանցիներ:

Հարավային Ադրբեջան (Cənubi Azərbaycan), որն իր մեջ ներառում է Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանները: Արևմտյան Ադրբեջան (Qərbi Azərbaycan), որն իր մեջ ներառում է այսօրվա ՀՀ-ի տարածքը և չմոռանանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Զանգեզուրը և Երևանը «ադրբեջանական պատմական հողեր են»:

Բացի այդ, Մեծ Ադրբեջանի սահմանների մեջ պետք է մտնեն ՌԴ-ում գտնվող Դերբենտ քաղաքը, Վրաստանի Մառնեուլիի շրջանը կամ Բորչալուն, իսկ այսօրվա Թուրքիայի սահմաններում՝ նախկինում հայաբնակ, իսկ այժմ ադրբեջանաբնակ Իգդիր և Կարս քաղաքները:

Մեծ Ադրբեջանն ուղիղ սպառնալիք է ՀՀ-ի ու Արցախի գոյությանը՝ հայ ազգի ֆիզիկական գոյությանը:

Այսպիսով, ՌԴ-ի և Իրանի համար ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքներից մեկի՝Թուրքիայի կողմից առաջ մղվող պանթուրքիզմի ճանապարհին կանգնած են ՀՀ-ն ու Արցախը:

Պաշտպանելով ՀՀ-ի անվտանգությունը Մոսկվան ու Թեհրանը նաև ապահովում են իրենց անվտանգությունն ու թույլ չեն տալիս Մեծ Թուրանի կառուցում, որը կներառեր ՌԴ-ի Հյուսիսային Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը մինչև Ալթայ, իսկ Իրանի պարագայում՝երկրի ամբողջ հյուսիսը:

Verelq.am