Նորքի ինտերնատում 40-ից ավելի տարեց և անձնակազմի անդամ է վարակվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i120594-Նորքի_ինտերնատում_40_ից_ավելի_տարեց_և_անձնակազմի_անդամ_է_վարակվել
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչ, ինչպես նաև անձնակազմից մի քանի անդամի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2020 05:09 Asia/Tehran
  • Նորքի ինտերնատում 40-ից ավելի տարեց և անձնակազմի անդամ է վարակվել

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչ, ինչպես նաև անձնակազմից մի քանի անդամի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Սա, իհարկե, հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները»,- գրել է նա։

Նշվում է, որ արդեն 2 օր է` տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Մայիսի 16-ից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։ Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Panarmenian.net