ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120935-ՀՀ_պաշտպանության_նախարարն_այցելել_է_զինվորական_հոսպիտալ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 25-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 14:16 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 25-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։

Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։

Պաշտպանության նախարարի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

Armenpress.am