Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120961-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորել_է_Վրաստանի_վարչապետին_երկրի_ազգային_տոնի_առթիվ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2020 12:27 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Եվ այսօր էլ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ դեռևս 20-րդ դարի սկզբներին հռչակած իր այս արժեքներին և կառուցել ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։

Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։

Հարգելի պարոն վարչապետ,

բարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղա­քա­ցիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը: Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն Ձեր պատաս­խանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ առողջություն և տոկունություն այս բարդ ժամանակաշրջանում»։

https://armenpress.am/arm/news/1016451.html