Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ է խոցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128082-Ադրբեջանը_Հայաստանի_օդային_տարածքում_ռուսական_ինքնաթիռ_է_խոցել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 19:00 Asia/Tehran
  • Ադրբեջանը  Հայաստանի  օդային տարածքում ռուսական ինքնաթիռ  է  խոցել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:

«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24  ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:

20:56. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ստեփանյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկատվական և փորձագիտական բոլոր ռեսուրսներով կհամագործակցի ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով:

21:20 - Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում մարտական գործողությունների գոտուց դուրս:

21:28 - Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio