ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից
https://parstoday.ir/hy/news/armenia-i128120-ԿԽՄԿ_ն_պատրաստակամ_է_գերիների_փոխանակման_հարցով._ժամկետները_կախված_են_կողմերի_համաձայնություններից
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 13:11 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կսկսվի գործընթացը՝ Ամատունին  պատասխանեց՝ իրենք չեն կարող ասել: «Պատրաստակամությունը կա, կողմերը տեղյակ են, ամեն ինչ կախված է համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն այս հարցով: Կողմերը նաև պետք է մեզ դիմեն այս հարցով»,-ասաց նա:

Ամատունու վստահեցմամբ՝ ԿԽՄԿ-ն այս ողջ ընթացքում երկկողմանի կարգավիճակով կապի, քննարկումների մեջ է եղել, կոմիտեի պատրաստակամության մասին կողմերը քաջատեղյակ են: Սեպտեմբերի 27-ից սկսած ԿԽՄԿ-ն ամեն օր պատրաստակամություն է հայտնել: «Քանի որ մենք միջնորդ ենք, քաղաքական որոշումների մեջ ներգրավված չենք: Իհարկե, մեր որոշումների զգալի մասը կողմերի ձեռքերում է: Մենք, որպես մարդասիրական չեզոք կազմակերպություն, այստեղ ենք, որ օգնենք, որ դա կատարվի մարդասիրական ստանդարտներով, որ հիշեցնենք՝ դա պարտավորություն է: Բնականաբար, քաղաքական որոշումների ժամկետները և այլն համաձայնեցվում են կողմերի նախաձեռնությամբ, սակայն մեր մասնակցությամբ՝ որպես միջնորդ, եթե տվյալ պարագայում դա նույնպես լինի մեր միջնորդությամբ»,-ասաց Ամատունին ու վստահեցրեց, որ  կողմերի հետ մշտապես կապերի մեջ են՝ տարբեր հարցերով:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

https://armenpress.am/arm/news/1034496.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio