ՀՀ նախագահը պահանջում է կառավարության հրաժարականը և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում
https://parstoday.ir/hy/news/armenia-i128432-ՀՀ_նախագահը_պահանջում_է_կառավարության_հրաժարականը_և_խորհրդարանական_արտահերթ_ընտրությունների_անցկացում
Երկուշաբթի օրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում, կառավարությունը պետք է հրաժարական տա և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 07:48 Asia/Tehran

Երկուշաբթի օրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում, կառավարությունը պետք է հրաժարական տա և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Անդրադառնալով երկրում տիրող խռովություններին, ՀՀ նախագահն ասել է.«Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ: Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ իր կարծիքով միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

«Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական եւ միջազգային հանրային հարթակներում։ Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ»,-ասել է ՀՀ նախագահը:

Ճգնաժամը հաղթահարելու հույս հայտնելով, Արմեն Սարգսյանն ասել է.«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից»: