Փաշինյան.ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության
https://parstoday.ir/hy/news/armenia-i128527-Փաշինյան.ՀՀ_ում_ոչ_մի_կառավարություն_չի_կարող_գոյություն_ունենալ_առանց_ժողովրդի_թույլտվության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության խնդիրն է երկրում ձևավորել համաձայնության մթնոլորտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 14:59 Asia/Tehran
  •   Փաշինյան.ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության խնդիրն է երկրում ձևավորել համաձայնության մթնոլորտ։

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծում է` Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձել է թեմային` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատկերացնու՞մ է ազգային համաձայնության կառավարություն, որը կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել:

Փաշինյանը պատասխանեց. «Շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը: Միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն»:

Վարչապետը կարծում է, որ հանրության ըմբռնումները, պահվածը, դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Նա վերահաստատեց նոյեմբերի 10-ից հնչեցրած իր միտքը: «Կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, և մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցերին՝ վարչապետը շեշտեց` ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: «Ես սա ասել եմ և հիմա էլ այդպես եմ կարծում, այդպես լինելու է միշտ: Եվ մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»,-նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ վարչապետն ասաց, որ հիմա քննարկումների շրջանն է, սակայն կառուցվածքային փոփոխության հարց այս պահին չի քննարկվում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ուղերձով առաջարկել էր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio