Տարասով. «Փաշինյանի քաղաքական ապագան Մոսկվայում չեն տեսնում»
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանն աշխատանքային առաջին այցը կկատարի Մոսկվա։ Սա ընդհանրապես կլինի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առաջին հայ պաշտոնյայի պաշտոնական այցը ՌԴ։
168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով Այվազյանի առաջիկա այցից ռուսական ակնկալիքներին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ռուսական պատկերացումներին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ ասաց, որ Այվազյանը փոխարինում է Զոհրաբ Մնացականյանին, ով փորձառու կադրային դիվանագետ էր, իր ողջ կյանքում աշխատել էր արտերկրում, և նրա նշանակմամբ Փաշինյանը հույս ուներ իրականացնել արդյունավետ բազմավեկտոր քաղաքականություն՝ հաշվի առնելով Մնացականյանի արտերկրի փորձն ու կապերը։
«Փաշինյանի քաղաքականությունն էր նա փորձում վարել՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ կապեր Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ այդ քաղաքականությանը ոչ ոք աշխարհում չի աջակցում, դա նաև ցույց տվեց, թե ինչպիսի գործընկեր է Ռուսաստանը Հայաստանի համար։ Ներկայումս ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը դիտարկվում է՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, բայց դա Փաշինյանի քաղաքականությունն է, իսկ փոխվե՞լ է արդյոք Փաշինյանի քաղաքականությունը, նրա դիրքորոշումները դեռ չենք զգում։ Այնուամենայնիվ, այցի առաջին ուղղությունն այն է, որ Մոսկվան հետևելու է, թե ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ինչ որոշումներ են կայացվելու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում և համաձայնությունները։ Մոսկվայի համար այս պահին կարևոր է, որպեսզի կողմերը հետևեն եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որն էլ կլինի այս այցի բովանդակությունը։
Սա առանցքային հանգամանք է, թե ինչպես է վերանայելու իր արտաքին քաղաքականությունը և ինչպես է աշխատելու իր գլխավոր գործընկերոջ հետ։ Իհարկե, չենք կարծում, որ Հայաստանը չպետք է համագործակցի իր մյուս գործընկերների և ողջ աշխարհի հետ, սակայն իրավիճակ է փոխվել, և Ռուսաստանն իրեն դրսևորել է՝ որպես գլխավոր գործընկեր, Հայաստանին չաջակցեց ոչ մի այլ երկիր։ Այցից ակնկալիքներն այս հանգամանքի վրա են»,- մանրամասնեց Տարասովը՝ ըստ էության ակնարկելով, որ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի անվերապահ փոփոխություն ռուսական ուղղությամբ։
168.am