«Լուսավոր Հայաստանը» մերժել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՖԲ իր էջում տեղեկացրել է, որ իրենց կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Նա մասնավորապես գրել է.
Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցության անունից մեզ իրազեկելու իրենց որոշման մասին, որ 16 ուժի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է՝ միաժամանակ խնդրելով հայտնել մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք գործող վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու հարցում։
Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։
Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։
araratnews.am