Զարիֆ. Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i132008-Զարիֆ._Հայաստանի_տարածքային_ամբողջականությունն_Իրանի_կարմիր_գիծն_է
Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2021 07:42 Asia/Tehran
  • Զարիֆ. Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:

Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր;

Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով երկու հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներ Հայաստանի ու Իրանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին,  նշել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր հարևան է և երկու երկրների հարաբերությորնները գնահատել է որպես երկու տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության խորհրդանիշ:

Դոկտոր Զարիֆը նշել է. «Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարևոր սկզբունք է Իրանի համար: Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է, ինչի մասին նախկինում ևս հայտարարվել է»:

Իրանի ԱԳ նախարարը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպի ապագա ուղղված քայլը խիզախ և կարևոր քայլ համարելով, նշել է, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կամ սպառնալիք, բացասաբար է ազդում Իրանի վրա, հետևաբար Թեհրանը ողջունում է ՀՀ վարչապետի խիզախ քայլը:

Ցավ հայտնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով գրանցված մարդկային կորուստների կապակցությամբ, Զարիֆը նշել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պատերազմի հետևանքները չեզոքացնելու հարցում: Նա հույս  է հայտնել, որ տարածաշրջանի իրադարձությունների հետևանքով առաջացած  հումանիտար խնդիրները հնարավորինս արագ կլուծվեն:

Իրանի ԱԳ նախարարը, դատապարտելով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, նշել է, որ այդ ներկայությունը երկու երկրների ընդհանուր մտահոգությունն է:

 Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, ստեղծված իրավիճակում աջակցելով նրանց տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նշել է . «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է»:

Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են  հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը: Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև բանկային հարաբերություններին, տրանսպորտի, արտահանման ոլորտների և Արաքս գետի էկոհամակարգի վերաբերյալ մի շարք հարցեր: