Զարիֆ. Ներկայումս ստեղծվել է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման հնարավորություն
Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրադարձություններին, հատկապես՝ ղարաբաղյան պատերազմից հետո, Զարիֆը ներկայացրել է ԻԻՀ դիրքորոշումն այդ կապակցությամբ:
Նշելով, որ ներկայումս տեղծվել է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման հնարավորություն, պարոն Զարիֆն անդրադարձել է նաև տարածաշրջանում առկա ընդհանուր մտահոգություններին:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հույս ունի, որ ապագայում տարածաշրջանի երկրների միջև կձևավորվի համագործակցություն և կհաստատվի կայուն խաղաղություն»:
Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել մարդկանց կյանքը, հարգել ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները, երկրների տարածքային ամբողջականությունը և ղարաբաղյան հարցի լուծման համար չդիմել ռազմական ուժի:
Հանդիպման ժամանակ, ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության, առևտրի, էլեկտարէներգիայի, գազի և տարանցիկ ուղիների վերաբերյալ մի շարք հարցեր և մտքերի փոխանակում կատարել ճանապարհների ու երկաթգծի կառուցման շուրջ: