Մեղրիի ճանապարհի համար պատրաստ էին զիջումների. հիմա ամեն ինչ վերցրել են. Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i132060-Մեղրիի_ճանապարհի_համար_պատրաստ_էին_զիջումների._հիմա_ամեն_ինչ_վերցրել_են._Քոչարյան
Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2021 15:08 Asia/Tehran
  • Մեղրիի ճանապարհի համար պատրաստ էին զիջումների. հիմա ամեն ինչ վերցրել են. Քոչարյան

Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:

Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն, այնուհանդերձ, այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:

«Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:

Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:

«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Մեղրիի ճանապարհի դիմաց Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել զիջումների։

«Մեղրիի ճանապարհը իրենց համար այն հետաքրքրությունն էր, որի համար պատրաստ էին զիջումների։ Քի-Վեսթում միջանցքով Արցախը միացվում էր Հայաստանին, դրա դիմաց ընդամենը սուվերեն ճանապարհի հարց էր լուծվում Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Հիմա ամեն ինչ վերցրել են և այդ ճանապարհն են ստացել, դա իրենց երազանքն էր, դա մատուցվեց Ադրբեջանին․ ինչ ենք ստանում դիմացը, ես չգիտեմ»,-ասել է նա։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio