Աշխատանքային միգրանտներն արդեն ստարտի են ելել. մեծ հոսք կլինի Հայաստանից
https://parstoday.ir/hy/news/armenia-i132300-Աշխատանքային_միգրանտներն_արդեն_ստարտի_են_ելել._մեծ_հոսք_կլինի_Հայաստանից
Հայաստանի քաղաքացիների համար փետրվարի մեկից կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները մինչև մարտի մեկը։ Փաշինյանը կառավարության նիստին հայտնեց, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է։ Բացվում են միայն օդային սահմանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2021 14:35 Asia/Tehran
  • Աշխատանքային միգրանտներն արդեն ստարտի են ելել. մեծ հոսք կլինի Հայաստանից

Հայաստանի քաղաքացիների համար փետրվարի մեկից կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները մինչև մարտի մեկը։ Փաշինյանը կառավարության նիստին հայտնեց, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է։ Բացվում են միայն օդային սահմանները։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Արտակ Մարկոսյանը չի կարծում, թե արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը, որ նախընտրում է ցամաքային ճանապարհով գնալ, որովհետև էժան է, հիմա չի գնա:

«Ես հիմա Կոթի գյուղում եմ, երկու մարդ արդեն տոմս են գնել, որ փետրվարի մեկից հետո մեկնեն աշխատանքի։ Այստեղ աշխատանքային միգրացիան կմեծանա, բայց ասել, որ շատ մեծ հոսք է լինելու, դեռ ոչ։ Այսինքն՝ աշխատանքային միգրանտների առումով հոսք լինելու է»,- ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կան արտագաղթի միտումներ, բայց մեծ արտագաղթ չի լինի։ Ժողովրդագրագետն ավելի շատ աշխատանքային միգրացիայի թվի աճ է կանխատեսում, քան մշտական արտագաղթի. «Այս պահին դեռ չի աճի արտագաղթի տեմպը, որովհետև ԵՄ երկրներում էլ կան խնդիրներ, ռեադմիսիոն պայմանագրերով եվրոպական երկրներից, կոնկրետ Գերմանիայից բավական մարդիկ վերադարձվելու են: Մենք մեր պարտավորությունը պետք է կատարենք, այսինքն՝ այնտեղ գտնվող մեր քաղաքացիներին պետք է ընդունենք»:

Մարկոսյանը հավելեց, որ աշխատանքային միգրանտները, նաև այն մարդիկ, որոնք տարիներով Ռուսաստանում աշխատում էին և 2020-ի մարտ-ապրիլին վերադարձան, նրանք հաստատ հետ են գնալու, և դա մեծ հոսք է. «Աշխատանքային միգրացիան արդեն իսկ սկսվել է, և հենց օդային ճանապարհը բացվի, մարդիկ տոմսերը գնել են, պատրաստվում են մեկնել: Նրանք ստարտի վրա են»:

Դիտարկմանը, որ դա կարող է տնտեսական առումով նաև շահավետ լինել, քանի որ կաճեն դրսից եկող տրանսֆերտները, ժողովրդագրագետն ասաց. «Բնականաբար, տրանսֆերտները ՀՆԱ-ի ձևավորման մեջ ներդրում ունեն: Այս տարի կարծես Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել էին: Բայց պետք է նկատի ունենանք, որ մարտի համեմատ հիմա ռուսական ռուբլին բավականին արժեզրկվել է: Այսինքն՝ ՌԴ-ից ուղարկված փողն այլևս այն արժեքը չունի, ինչ նախկինում էր»:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio