Այդ երկաթգծից Հայաստանը շատ չնչին կօգտվի. շահելու են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է 1 միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է: Օրեր առաջ նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Որքանո՞վ է դա հավանական:
– Բարձր հավանականություն կա, բայց մեկ այլ խնդիր կա. որպեսզի այդ հավանականությունը տեղի ունենա, դա նաև մեզնից է կախված: Մենք պետք է նախ իմանանք, թե ինչպիսի տնտեսություն ենք զարգացնելու, որպեսզի կարողանանք ծավալներն ավելացնենք: Ես երկու շատ բնորոշ ցուցանիշ ասեմ. արտաքին առևտուրն Իրանի հետ կազմում է 360 մլն դոլար, որից 22 մլն դոլարը մենք ենք արտահանում, և մոտ 340 մլն դոլար ներմուծում ենք Իրանից: Եթե մենք շարունակենք այդպիսի չնչին ծավալներ արտահանել, մենք այդ մեկ մլրդ դոլարին չենք հասնի: Այդ դեպքում, եթե խոսում ենք 1 մլրդ դոլար արտաքին առևտրի մասին, ապա պետք է հիմնականում գերակշռությունը տանք իրանական կողմից ապրանքներ բերելուն: Իրանական ապրանքներն, իհարկե, կարող են ավելանալ նաև այն պատճառով, որ Իրանը 4-րդ տեղում է մեր արտաքին առևտրի մեջ: 4-րդ տեղում Թուրքիան է: Թուրքիայից մեր կառավարությունը որոշակի որոշումներով սահմանափակեց, և եթե շարունակենք այդպես սահմանափակած պահել, այսինքն՝ շուռ չգանք ու դռները նորից բացենք, ապա որոշակի ապրանքների դեպքում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել իրանականով և բերվել Իրանից: Դրա հաշվին կարող է Իրանից ներմուծվող ապրանքների դրամային ծավալը հասնի 500-550 մլն դոլարի: Սա խելքին մոտ թիվ է, որովհետև մոտավորապես 280 մլն դոլար կազմում է Թուրքիայի հետ առևտուրը, և մենք ոչինչ չենք տալիս, միայն բերում ենք, եթե դրա կեսն էլ անգամ փոխարինենք իրանական ապրանքներով, ինչը հավանական է, ապա մենք արդեն այդ 500 մլն դոլարին կմոտենանք: Բայց եթե մենք ոչինչ չտանք, մենք այդ միլիարդին երբեք չենք հասնի: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ մենք պետք է հոգ տանենք Հայաստանի տնտեսության զարգացման մասին: Երկրորդ, այն ճյուղերը, որ ունեն հզոր պոտենցիալ, որ պետք է խթանվեն, այդ ճյուղերում գործարկվեն արտադրություններ, և մենք կարողանանք որոշ ապրանքների գծով բավարարենք, այսինքն՝ արտադրենք ապրանքներ, որոնց կարիքը Իրանն ունի: Ես Իրանի ներքին ու արտաքին առևտուրն ուսումնասիրել եմ, որովհետև ես էլ պետք է պատվիրակության հետ մեկնեի, հետո որոշեցինք, որ մենք առանձին պատվիրակություն կտանենք Իրան: Այդ կապակցությամբ ես ուսումնասիրել էի Իրանի արտաքին առևտուրը նաև այլ երկրների հետ, թե ինչ է ներմուծում ու արտահանում այլ երկրներ, որ ապրանքները կարող են Հայաստանում արտադրվել ու արտահանվել Իրան կամ Իրանի հետ համատեղ արտահանվել այդ երկրներ, և ինչ կարող են տալ Իրանին: Իրանի արտաքին առևտուրը շատ է տուժել վերջին 3 տարիների ընթացքում: 2017-ին արտահանումը եղել է 92 մլրդ դոլար, 2019-ին դարձել է 30 մլրդ դոլար, այսինքն՝ 62 մլրդ դոլարով արտահանումը նվազել է, որի կեսը նավթամթերքն է: Իրանը արտահանման լուրջ խնդիր ունի և արտարժույթի լուրջ դեֆիցիտ ունի: Այսինքն՝ տեսականորեն կարելի է այդ 1 մլրդ դոլարի արտաքին առևտրին հասնել, բայց դրա համար Հայաստանը պետք է հզորանա և ակտիվ աշխատի: Իրանն ունի շատ մեծ նյութական բազա, ունի տարբեր հումքային արտադրություններ, որոնք կարող են որպես հումք ծառայել ՀՀ տնտեսության համար: Բայց, իհարկե, Հայաստանն այս պահին չունի այն հզորությունը, որ կարողանա այդպիսի թվեր ապահովել:
– Նշվում է, որ նախկինում էլ այսպիսի թվերի մասին խոսվել է, բայց դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել:
– Այդ տեսանկյունից միակ առավելությունն այն է, որ եթե թուրքական ապրանքները փոխարինվեն իրանականով, և Իրանից բերվի, ու դրանից Իրանը կշահի: Իրանից ներմուծումը կաճի ու դա ձեռնտու է Իրանին, բայց մենք ի՞նչ ենք տալու Իրանին դրա դիմաց, դա է մեզ համար կարևոր: Այսօր մեր տվածը 15 անգամ պակաս է Իրանի տվածից: Մենք բերում ենք 340 մլն դոլարի ապրանք, արտահանում ենք 22 մլն դոլարի ապրանք: Այդ 15 անգամը պետք է լրացվի, արտահանման հնարավորությունը ստեղծվի, որ մենք էլ կարողանանք այդպիսի ծավալներով արտահանել:
– Ընդհանուր առմամբ, Իրանը որքանո՞վ է շահագրգիռ Հայաստանի հետ տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգացնելու առումով: Երկաթուղային ճանապարհների ապաշրջափակումը այստեղ ի՞նչ դեր կարող է ունենալ:
– Եկեք երկաթգծի թեման թողնենք, որովհետև ես այն շատ ուտոպիական եմ համարում, դա հեռավոր ապագայի խնդիր է, որովհետև, եթե երկաթգիծն աշխատի, ինչը կարող է լինել տարիներ հետո, եկեք հիշենք, որ երկաթուղին նավերից հետո ամենամեծ բեռնափոխադրող համակարգն է: Այսինքն՝ Հայաստանը պետք է ունենա այնքան շատ ապրանք, որ երկաթգծին դիմի: Այսինքն՝ մենք պետք է վագոններով արտահանելու ապրանք ունենանք: Եթե այսօր ֆուռերով, որը 20 տոննա է, ասենք՝ մի քանի ֆուռ ապրանք ենք արտահանում ու դրանով բավարարվում ենք, ապա հաշվի առեք, որ մեկ վագոնը 60 տոննա է: Այսինքն՝ մենք պետք է այդքան ապրանք արտադրենք: Նորից գալիս ենք այն խնդրին, որ Հայաստանը պետք է մասշտաբային արդյունաբերություն զարգացնի: Հակառակ դեպքում, ինքն այդ երկաթգծից շատ չնչին կօգտվի: Ոչ էլ ներմուծման մեջ կշահենք, որովհետև, եթե մեր տնտեսությունը փոքր մնա, բերելու ապրանքներն էլ քիչ կլինեն: Այստեղ կշահեն Իրանը, Թուրքիան որոշակի առումով, և Ռուսաստանը: Մի կողմից կշահեն Ռուսաստան-Իրան հարաբերություները, մյուս կողմից՝ գաղափարախոսական տեսանկյունից կշահի նաև ԵԱՏՄ-ն, քանի որ ԵԱՏՄ-ի տնտեսական սահմանները կգան, կհասնեն Իրանին: Բայց ես վստահ եմ, որ զուտ տնտեսական տեսանկյունից, նույնիսկ Ադրբեջանը չի շահելու, որովհետև ինքն էլ առանձնապես բան չունի տալու, իր տնտեսությունն էլ դիվերսիֆիկացված չի: Եթե գազն ու նավթը հանենք, Ադրբեջանի արդյունաբերությունն այդքան հզոր չի: Այսինքն՝ սա ավելի շատ PR նշանակության գործոն է, զուտ քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու դիվանագիտական տրյուկ է, որովհետև Ադրբեջանը միշտ ՌԴ-ին ասում էր, որ եթե դուք Ղարաբաղի հարցը լուծեք, ես կդառնամ ԵԱՏՄ-ի անդամ: Հիմա եկել է պահը, որ ինքը կփորձի սիրաշահել, ինչ-որ բաներ ցույց տալ, իսկ զուտ տնտեսական տեսանկյունից, այդ երկաթգիծը նույնիսկ իրեն չի ծառայելու:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio