Մհեր Գրիգորյանը՝ Մեղրիի միջանցքի և Երասխ-Նախիջևան երկաթգծի մասին. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i132576-Մհեր_Գրիգորյանը_Մեղրիի_միջանցքի_և_Երասխ_Նախիջևան_երկաթգծի_մասին._Հրապարակ
«Հրապարակը» զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 13:45 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը՝ Մեղրիի միջանցքի և Երասխ-Նախիջևան երկաթգծի մասին. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

-Հունվարի 30-ին Մոսկվայում փոխվարչապետների եռակողմ հանդիպմանը որոշվեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքներն սկսելու համար մինչև փետրվարի 2-ը փորձա­գիտական խմբեր ստեղծել: Ստեղծվե՞լ են արդեն:

-Էսօր-վաղվա ընթացքում: Երկու ենթախումբ է լինելու՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փո­խադրումների գծով և փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում՝ ան­վտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկո­ղության այլ ձևերի գծով: Մեկը կհա­մակարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա­րությունը, մյուսը՝ ՊԵԿ-ը: Կարծում եմ՝ տեղակալների մակարդակով, մաքսային բլոկով՝ ՊԵԿ-ը, ՏԿԵՆ-ի մասով էլ կլի­նի ճանապարհների գծով պրոֆիլային փոխնախարարը՝ Արմեն Սիմոնյանը:

-Ինչո՞վ է պայմանավորված այս արագացված ընթացքը, որ օր առաջ ուզում են աշխատանքներն սկսել:

-Անկեղծ ասած, եթե հունվարի 11-ի հայտարարությամբ նայենք, էնտեղ, կարծում եմ, ժամկետները պայմա­նավորված են, ու ընթանում ենք էդ ժամկետներին համապատասխան:

-Հայկական կողմի համար ընդունե­լի՞ են այդ ժամկետները՝ նման արա­գացված կարգով:

-Ես կարծում եմ, որ եթե աշխա­տանքները պահանջեն ավելի շատ ժամկետ, մեծ պրոբլեմ չեմ տեսնում՝ դրա հետ կապված:

-Իսկ այս իրավիճակում, երբ կոնֆլիկտը չի սառել, սահմաններն անվտանգ չեն, իրագործելի համարո՞ւմ եք ապաշրջափակում սկսելը:

-Առնվազն, ես կարծում եմ, աշխատանքները պետք է սկսել, էս փուլում մենք խոսում ենք աշխատանքները սկսելու մասին: Հարցը պետք է քննարկվի:

-Խոսքը միայն Սյունիքի մարզով և Մեղրիով ապաշրջափակման մասի՞ն է, թե քննարկվում է նաև Իջևանով ու Ղազախով դեպի Բաքու ճանապարհի հարցը, չէ ՞որ ապաշրջափակումը միայն մեկ ուղղություն չի ենթադրում:

-Այո, իրավացի եք, և էսօրվա հայտարարությունները, որով մենք պետք է առաջնորդվենք, որևէ կաշկանդվածություն էդ իմաստով չեն սահմանում որևէ կողմի համար:

-Իսկ Դուք ադրբեջանական կողմի հետ այդ հարցը բարձրացրե՞լ եք, թե ինչու Հայաստանի մյուս հատվածնե­րում ապաշրջափակման հարցն առաջ չի քաշվում:

-Ես կարծում եմ՝ թող փորձագետներն աշխատեն, և էդ ժամանակ առաջ կքաշվեն հարցերը Ձեր ասած տրամաբանությամբ: Վստահ եմ, որ էդպես էլ կլինի: Բայց էս պահին ոչ մի կոնկրետ ուղղություն դեռևս չի քննարկվել, և ենթախմբերի անվա­նումից նույնիսկ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է, ընդհանուր առմամբ, ապաշրջափակմանը, այլ ոչ թե կոնկրետ ուղղությունների:

-Այդ դեպքում դուք Մոսկվայում ի՞նչ եք քննարկել:

-Ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի, որ փորձագետներն աշխատեն, որից հետո մենք անպայման առիթ կունենանք խոսելու էդ ամեն ինչի մասին:

-Մեղրիով միջանցք տրամադրելու հարց կա՞ օրակարգում, թե ոչ:

-Միջանցքի հարց ընդհանրապես գոյություն չունի էս պահին և, կարծում եմ, գոյություն չի ունենալու:

-Մեղրիո՞վ միջանցքի, թե առհասարակ:

-Ընդհանրապես միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվում: Ես որևէ նման հարց իրենց հետ չեմ քննարկել, որը միջանցք կանվանվի կամ կկոչվի:

-Այդ դեպքում ադրբեջանական կողմն ի՞նչ է ակնկալում մեզնից:

-Ապաշրջափակման ուղիներ են քննարկում:

-Մենք Երասխով դեպի Նախիջևան երկաթգծի մի հատված ունենք, որը չի շահագործվում: Դա շրջանցելո՞ւ են, թե եղածն օգտագործվելու է:

-Դա կարող են օգտագործել, եթե Նախիջևանի մասին է խոսքը: Իմ ունեցած տեղեկություններով՝ էս պահին երկու երկաթգծի վրա էլ աշխատանքներ կան անելու՝ թե՛ Ղազախով, թե՛ Մեղրիով: Ամե­նաքիչ ծախսատարը, կարծում եմ, Նախիջևանի երկաթուղին վերականգնելն է:

-Իսկ հայկական կողմն այստեղ ի՞նչ կարգի ներդրում է անելու՝ թե՛ ֆի­նանսական մասով, թե՛ աշխատանքնե­րի իրականացման:

-Էս պահին չեմ կարող ասել, քանի որ էս պահին քննարկման փուլն էդ աստի­ճանի հասունացած չէ, որպեսզի նման հարցերի պատասխաններ կարողանամ տալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

times.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio