ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կարեւորել է Ռուսաստանի գործունեության շարունակումը Մինսկի խմբի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i132648-ՀՀԿ_ղեկավար_Սերժ_Սարգսյանը_կարեւորել_է_Ռուսաստանի_գործունեության_շարունակումը_Մինսկի_խմբի_շրջանակում
Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 13:30 Asia/Tehran
  • ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կարեւորել է Ռուսաստանի գործունեության շարունակումը Մինսկի խմբի շրջանակում

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված  հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Դեսպանի խնդրանքով` նախագահ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։ Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

lragir.am