Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i133460-Ինչպե_ս_կարող_է_Երևանը_պահպանել_իր_տեղը_Հյուսիս_Հարավ_էներգետիկ_միջանցքում
Առաջիկայում տեղի կունենա «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրի տեխնիկական բաղկացուցիչների քառակողմ քննարկում։ Կողմերը նախանշելու են գործողությունների հետագա ծրագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2021 14:27 Asia/Tehran
  • Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում

Առաջիկայում տեղի կունենա «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրի տեխնիկական բաղկացուցիչների քառակողմ քննարկում։ Կողմերը նախանշելու են գործողությունների հետագա ծրագիրը։

«Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրի իրագործումը Հայաստանին դուրս կբերի էներգետիկ շրջափակումից։ Սակայն, հաշվի առնելով ընթացիկ իրողությունները, Երևանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի՝ տարածաշրջանում արտահանող երկրի կարգավիճակը պահպանելու համար։

Էներգետիկ միջանցքի կառուցման թեման նոր չէ։ Հարցը թարմացվեց արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի հանդիպումից հետո: Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծման ծրագիրը, այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:

Այդ կապակցությամբ մենք դիմեցինք փոխվարչապետի գրասենյակ՝ մանրամասներ իմանալու, այդ թվում՝ նախագծի իրագործման ժամկետների վերաբերյալ։

Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում տեխնիկատնտեսական բաղադրիչի վերաբերյալ Fichtner խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված զեկույցը: Բացի այդ, առաջիկայում տեղի կունենա ծրագրի տեխնիկական բաղկացուցիչների քառակողմ քննարկում։

Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» 400կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման և «Նորավան» 400կՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման ծրագրին, ապա դրանք գտնվում են իրականացման փուլում:

«Ներկայումս իրականացվում է օդային հենարանների և լարերի մոնտաժային աշխատանքներ, դեպի դրանք տանող ճանապարհների կառուցում, սարքերի տեղադրում և այլ աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2021 թ․-ի դեկտեմբերին։ Հայաստանն ու Իրանն այժմ աշխատանքներ են կատաում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների ավելացման, համաձայնագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ»,-պատասխանեցին փոխվարչապետի գրասենյակից։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան ենթակայան) ծրագրով նախատեսված է գլխավոր կապալառուների ընտրություն երեք լոտով (Դդմաշեն ենթակայան մուտք/ելք), լոտ 2՝ էլեկտրահաղորդման գիծ, լոտ 3՝  տրանսֆորմատորների բարձրավոլտ ենթակայանի կառուցում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թ․-ի դեկտեմբերին։

Նախագիծը հայկական կողմին բավարարող պայմաններով իրականացնելու կարևորությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ընդգծեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Դավթյանը։

«Էներգետիկ նախագիծը, որը մշակվել է դեռևս 2015-2016 թվականներին, կարող է ապահովել Հայաստանի ելքը էներգետիկ շրջափակումից, որում մենք գտնվում ենք։ Այն ուղղված է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի միջև փոխադարձ ներհոսքների ավելացմանը»,-ասաց Դավթյանը։

Նրա խոսքով, Հայաստանն ավելցուկային էներգետիկ հզորություններ ունի, ինչը բավական հեռանկարային հնարավորություններ է ստեղծում երկրի համար՝ էլեկտրաէներգիան դեպի արտաքին շուկաներ՝ իրանական, վրացական և Վրաստանով՝ Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար:

Փորձագետը նշեց, որ նախքան դրան հասնելը անհրաժեշտ է լուծել հիմնական խնդիրը՝ Վրաստանի և Իրանի շուկաներում ադրբեջանական Azerenerji էներգետիկ ընկերության ակտիվացումը: Դավթյանն ընդգեց, որ այդ ընկերությունը փորձում է Հայաստանին լիովին դուրս մղել տարածաշրջանային շուկայից: Այսպես, 2018 թ․-ից էլեկտրաէներգիայի վրացական շուկան Հայաստանի համար գրեթե կորել է։

Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ որոշակի կայունություն կա, սակայն այս ուղղությամբ էլ նոր խաղացողներ են ձևավորվում՝ ի դեմս նույն Azerenerji-ի։ Բացի այդ, Թուրքմենստանն առաջարկում է տարածաշրջանի համար ամենաէժան էլեկտրականությունը, իսկ Բաքուն լոբբիավորում է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի անցկացումը իր տարածքով։

Փորձագետն այդ քայլերը գնահատում է որպես սպառնալիք Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Նա նշեց, որ այս ամենին դիմակայելու համար Հայաստանը պետք է սկսի էներգետիկ անվտանգության ձևավորման հայեցակարգային հիմքերից՝ հաստատի ազգային անվտանգության հայեցակարգը, որպեսզի հասկանա կառավարման դոկտրինալ հիմքերը և բացահայտի ներքին ու արտաքին սպառնալիքներն ու ռիսկերը:

«Եթե մենք ընթանում ենք միջազգային էներգետիկ միջանցքի ձևավորման ճանապարհով, ապա մենք պետք է, առաջին հերթին, ինքներս մեզ դիտարկենք որպես տարածաշրջանային շուկայում արտահանող երկիր»,-ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ Հայաստանի այդ հարցում կօգնի ատոմային էլեկտրակայանի առկայությունը և այն վստահությունը, որ երկիրը զարգացնելու է խաղաղ ատոմը։

armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio