Ի՞նչ է թաքցնում իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134216-Ի_նչ_է_թաքցնում_իշխանությունը_հայ_ռուսական_հարաբերությունների_մասին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Ռուսաստանում ևս գոհ ու երջանիկ չեն, որ Հայաստանի գործող իշխանությունը հլու-հնազանդ կատարում է բոլոր հանձնարարականները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2021 16:18 Asia/Tehran
  • Ի՞նչ է թաքցնում իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Ռուսաստանում ևս գոհ ու երջանիկ չեն, որ Հայաստանի գործող իշխանությունը հլու-հնազանդ կատարում է բոլոր հանձնարարականները։

Արամ Սարգսյանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերությունների մասին պաշտոնական մեկնաբանությունները վաղուց արդեն չեն համապատասխանում իրականությանը։ Այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է շատ արագ ձերբազատվել գործող իշխանությունից։

«Հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են և պարտադիր պետք է լինեն որպես մեր դաշնակից երկրի, որի անվտանգության գոտում ենք մենք։ Մենք ընդամենը պետք է հրաժարվենք այս ապիկար իշխանությունից, որ կարողանանք ձևավորել նոր որակական հարաբերություններ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա հոմոզված է, որ  Ռուսաստանում ևս գոհ ու երջանիկ չեն, որ Հայաստանի գործող իշխանությունը  հլու-հնազանդ կատարում է բոլոր հանձնարարականները։ Պաշտոնական Մոսկվայում ևս ուզում են այստեղ նախաձեռնող ու գործունյա իշխանություն տեսնել. ոչ ոք չի ուզում իր վրա ավելորդ բեռ վերցնել։

Սարգսյանի խոսքով` ժամանակն է, որ բոլորը գիտակցեն ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու մասին, ուժերը մեկտեղեն հայրենիքը փրկելու համար։

Նա նշեց`պետք է ամեն ինչ անել` վերադառնալու այն կարգավիճակին, երբ ՀՀ-ն, թեկուզ մասամբ, գործոն էր միջազգային հարաբերություններում։ Մասամբ, որովհետև մինչ այս էլ այդ ուղղությամբ շատ քիչ աշխատանք է իրականացվել։

«30 տարվա ընթացքում չեղավ այնպիսի մի իշխանություն, որը համակարգային փոփոխություններ աներ երկրում և դրա հիման վրա կարողանար ներդաշնակ լինել այն արտաքին այն ուժերի, այն երկրների հետ, որոնք իսկապես ունեն մեզ հետ համադրելի շահեր։ Մենք դա չենք արել»,- նշեց Սարգսյանը։

Մեկնաբանելով որոշ անձանց կամ խմբերի կողմից Հայաստանում իրականացվող հակառուսական քարոզչությունը` Սարգսյանը նշեց, որ նրանք ֆինանսավորվում են կոնկրետ նպատակի համար և սնվում են մեկ կենտրոնից` Արևմուտքից, որի քայքայիչ գործունեությունը հայտնի է բոլորին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio