ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում զորավարժություններ են մեկնարկել
Զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները։
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի տեսաուղերձը։
«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ», – ասվում է ուղերձում։
Նշվում է, որ արդեն ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:
«Անցկացվող զորավարժությունների նպատակներն են` ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը», – ասում է Ասրյանը։
Նշենք, որ մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio