Գյումրիում նախատեսվում է «Չոր նավահանգիստ» կառուցել, իսկ Արարատում՝ Արդյունաբերական պարկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i136044-Գյումրիում_նախատեսվում_է_Չոր_նավահանգիստ_կառուցել_իսկ_Արարատում_Արդյունաբերական_պարկ
Գյումրիում նախատեսվում է «Չոր նավահանգիստ» կառուցել, իսկ Արարատում՝ Արդյունաբերական պարկ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդ նախագծերը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2021 09:05 Asia/Tehran
  • Գյումրիում նախատեսվում է «Չոր նավահանգիստ» կառուցել, իսկ Արարատում՝ Արդյունաբերական պարկ

Գյումրիում նախատեսվում է «Չոր նավահանգիստ» կառուցել, իսկ Արարատում՝ Արդյունաբերական պարկ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդ նախագծերը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

«Լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ», — ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։

Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել` նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։

Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների ներկայացրած պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։

Ի պատասխան Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

Մելնիկովը տեղեկացրել է Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը։

Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։

hy.armradio.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio