Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136224-Սերժ_Սարգսյանի_գույքը_կմնա_կալանքի_տակ._դատարանը_մերժել_է_պաշտպանի_միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մարտի 18-ին մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 14:40 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մարտի 18-ին մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստի ժամանակ  պաշտպանը միջնորդել էր հանել Սերժ Սարգսյանի՝ 489 միլիոն 160 հազար 310 դրամի, շուրջ 1 միլիոն դոլարի սահմանաչափով շարժական ու անշարժ գույքի և ֆինանսական միջոցների, բաժնեմասերի, արժեթղթերի վրա դրված կալանքը։

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը 2021 թվականի փետրվարի 18-ին մահացել է:

armenpress.am