Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136530-Մեծամորի_էներգետիկները_կուսումնասիրեն_ռուսական_ատոմակայանների_փորձը
Կուսումնասիրվի նման նախագծերով կառուցված ռուսական կայանների փորձը, որոնց ծառայության ժամկետը արդեն երկու անգամ հաջողությամբ երկարաձգվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 15:12 Asia/Tehran
  • Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը

Կուսումնասիրվի նման նախագծերով կառուցված ռուսական կայանների փորձը, որոնց ծառայության ժամկետը արդեն երկու անգամ հաջողությամբ երկարաձգվել է։

Մեծամորի ԱԷԿ-ի էներգետիկները կուսումնասիրեն ռադիոակտիվ թափոնների պահպանման ու ռեակտորի վթարային պաշտպանության համակարգերի արդիականացման ժամանակակից մեթոդների հարցում ռուսական կայանների փորձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության մասնագետ, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ապրիլի կեսերին կայանի մասնագետները ճանաչողական այց կկատարեն երկու ռուսական ատոմակայան՝ Նովովորոնեժկայա (4-րդ բլոկ) ու Կոլսկայա: Այդ կայարաններում առավել հարմար է ուսումնասիրել հայկական ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թվականից հետո կրկին երկարացնելու հնարավորությունը։ Վերոնշյալ կայանները, որտեղ արդեն նման աշխատանքներ են իրականացվել, նախագծով նման են  Մեծամորի ԱԷԿ-ին, քանի որ նույնպես կառուցված են ՎՎԵՐ-440 ռեակտորների վրա:

Առաջինը՝ նոր անվտանգության համակարգերի ներդրում, ինչպիսիք են ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցումը: Կուսումնասիրվեն նաև ԱԷԿ-ի անվտանգության այլ համակարգեր։

Երկրորդ շեշտը դրվելու է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու դրանց երկարատև պահպանման համար նոր տարաների, ինչպես նաև հեղուկ թափոնների գոլորշիացման նոր տեխնոլոգիաների վրա:

«Այսինքն՝ ուսումնասիրվելու են հարցեր՝ ինչպես նվազեցնել թափոնների քանակը, ինչպես դրանք պահել։ Խոսքը թաղելու մասին չէ, այլ ժամանակավոր, բայց երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակ, անվտանգ պահման մասին է», - նշել է Սվիրիդենկոն։

Վերջապես, ուշադրություն կդարձնեն ԱԷԿ-ի պահուստային ու վթարային սնուցման համակարգերին: Դրա համար կայարանում կան դիզելային գեներատորներ, որոնք կայանին էլեկտրականություն են մատակարարում պլանային դադարի (վերանորոգման աշխատանքների) ժամանակ ու վթարի դեպքում:

«Այդ վթարային համակարգերը, որոնք անվանում են «հետ-ֆուկուսիմյան», ներդրվել են Կոլսկայա եւ Նովովորոնեժսկայա կայաններում, ու հայ գործընկերները կկարողանան ծանոթանալ դրանց», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Համագործակցության ընդհանուր համատեքստում քննարկվում է նաև սառեցման աշտարակների (հովացման աշտարակներ) վերանորոգման տեխնոլոգիան։ Դրանք սառեցնում են ջուրը, որն օգտագործվում է տուրբինները պտտելու համար։ Որքան արդյունավետ է սառեցումը, այնքան ավելի մեծ հզորությամբ կգործեն տուրբինները և այնքան ավելի շատ էլեկտրաէներգիա կկարողանա տալ կայանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մի շարք մասնագետներ առաջ են քաշում չոր (թացի փոխարեն) սառեցում մտցնելու գաղափարը։ Այս դեպքում այն ջուրը, որը պտտեցնում է գեներատորները, չի գոլորշիանա սառեցման ժամանակ, ու կայանը ստիպված չի լինի մշտապես համալրել ջրի պաշարը (մոտակա Սևջուր գետից): 2016-17 թվականներին «Ռոսատոմի» ձեռնարկությունները կազմել են գործող,  «թաց» սառեցման համակարգերի արդիականացման նախագիծ և զուգահեռաբար դիտարկել դրանք «չորով» փոխարինելու հնարավորությունը։

«Անհրաժեշտ է քննարկել տնտեսական արդյունավետությունը, դրա համար պետք է տեսնել, թե ինչպիսի նոր նախագծային լուծումներ են առաջարկում հայ գործընկերները», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Այս բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետը երկարացնելու համար։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio