Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնություն: Փաստաթղթով նախատեսվում է նաև ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
orakarg.com