Ադրբեջանը խոչընդոտում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրումը
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։
aysor.am