«Ցավալի է»․ «Freedom House»-ը քննադատել է Հայաստանի իշխանությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136876-Ցավալի_է_freedom_house_ը_քննադատել_է_Հայաստանի_իշխանությանը
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է լրջորեն վերաբերվել քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների պահանջներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 18:20 Asia/Tehran
  • «Ցավալի է»․ «Freedom House»-ը քննադատել է Հայաստանի իշխանությանը

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է լրջորեն վերաբերվել քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների պահանջներին։

«Freedom House»-ի Եվրոպայի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը Հայաստանի կառավարությանը քննադատել է ԶԼՄ-ներում զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքներ սահմանելու համար:

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

«Հայաստանում ԶԼՄ-ների ազատության և խոսքի ազատության պաշտպանությունը ՀՀ իշխանությունների պարտականությունն է։ Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է այն տուգանքներին, որոնք խեղդելու են խոսքի ազատությունն ու սպառնում են երկրում ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակությանը», - նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Freedom House»-ը համարում է, որ օրինագիծը կարող է օգտագործվել չափազանց մեծ տուգանքներ գանձելու ու անկախ մեդիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար:

«Հայաստանի իշխանությանը հորդորում ենք լրջորեն վերաբերվել քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների պահանջներին ու չեղյալ հայտարարել այս օրենքը»,– նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փաստաթուղթն ուղարկել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև տարբեր իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպություններին:

Նշենք, որ մինչ այս «Freedom House»-ը դրական էր գնահատում հետհեղափոխական գործընթացներն ու Հայաստանի իշխանության գործողությունները։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio