Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3.4 տոկոս տնտեսական աճ
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին կհասնի 3.4 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում:
«2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը`7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական բախումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:
Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը: «Հաստատում էր տնտեսական խելամիտ կառավարման ռեկորդ, որն ամրապնդվում էր ուժեղ հարկաբյուջետային կանոնով, գնաճի համար նպատակաուղղված դրամավարկային քաղաքականության շրջանակով և ֆինանսական ոլորտի վերահսկողությունը բարելավելով: Իշխանությունները սկսեցին բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որը նպատակաուղղված էր կառավարման ամրապնդմանը 2018-ին: Տնտեսական աճն ուժեղ էր՝ 2018 և 2019 թվականներին միջինը կազմելով 6,4 տոկոս»,-նշել են բանկից:
Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփոխումների առաջընթացին, կառուցվածքային մարտահրավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներուժին: Մարտահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները:
lragir.am