Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերը դատի է տվել մյուս բաժնետերերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i137156-Զանգեզուրի_պղնձամոլիբդենայինի_ռուս_բաժնետերը_դատի_է_տվել_մյուս_բաժնետերերին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերը չեն կարողանում կիսել ընկերության բաժնետոմսերը, նրանց միջև ծավալված վեճը հասել է դատարան։ ԶՊՄԿ-ի բաժնետեր (12,4 տոկոս), Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դատի է տվել նախկին ու ներկա բաժնետերերին և պահանջում է բաժնետերերի ժողովի որոշումները անվավեր ճանաչել։ ՍիվիլՆեթը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզել է վեճի առարկան ու ընթացքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 15:21 Asia/Tehran
  • Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերը դատի է տվել մյուս բաժնետերերին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերը չեն կարողանում կիսել ընկերության բաժնետոմսերը, նրանց միջև ծավալված վեճը հասել է դատարան։ ԶՊՄԿ-ի բաժնետեր (12,4 տոկոս), Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դատի է տվել նախկին ու ներկա բաժնետերերին և պահանջում է բաժնետերերի ժողովի որոշումները անվավեր ճանաչել։ ՍիվիլՆեթը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզել է վեճի առարկան ու ընթացքը։

Ըստ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի ռեեստրի՝ ԶՊՄԿ-ի կոմբինատի 12,4 տոկոսի սեփականատերը «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերն իր հերթին «Մուն մեթալս» ՓԲԸ-ն է, որի սեփականատերն իր հերթին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերությունն է։ Այս ողջ միջանկյալ ընկերությունների շղթայի հետևում Միխայիլ Զուրաբովն է՝ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարարը, որը Պղնձամոլիբդենայինի բաժնետերերի ցանկում հայտնվեց 2020-ին։ Անցյալ տարեվերջից «Զանգեզուր մայնինգը» դիմել է դատական ատյաններ՝ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Անցյալ տարի Պղնձամոլիբդենային կոմբինատը գերմանական «Քրոնիմետ»-ից և «Մաքուր երկաթի գործարան»-ից գնեց վերջիններիս ողջ բաժնետոմսերը, և ստացվեց, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատեր դարձավ հենց կոմբինատը։

Այժմ Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչ, փաստաբան Միխայիլ Մկրտումյանը դատարանից պահանջում է պայմանագրերը, որոնցով ԶՊՄԿ-ն դարձել է 75 տոկոսի սեփականատեր, անվավեր ճանաչել։ Նա իր պահանջի հիմնավորումներում նշել է այն փաստը, որ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի առքուվաճառքի ժամանակ «Զանգեզուր մայնինգը» դրանք ձեռք բերելու նախապատվություն պետք է ունենար, այնինչ ընկերության տնօրենը, համաձայն բաժնետիրական համաձայնագրի, դրանք ձեռք բերելու իրավունք չի ունեցել։ Ավելին՝ Մկրտումյանը դատարան էր դիմել ԶՊՄԿ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Հայցվոր կողմը նշել է, որ Պղնձամոլիբդենային կոմբինատում ներկա պահին 12,4 տոկոս բաժնեմաս ունի «Զանգեզուր մայնինգը», 12,5  տոկոս էլ «ԱՄՓ հոլդինգը», ինչը նշանակում է, որ «ԱՄՓ հոլդինգը» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ժողովում ունի ձայների մեծամասնություն ու բաժնետոմսերին վերաբերող որոշումներ միանձնյա ընդունելու հնարավորություն։

orakarg.com/