Ընտրությունները դժվարությամբ կանցկացվեն. Տիգրան Մուկուչյանն առարկություններ է ներկայացրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։
Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեյտինգային ընտրակարգի փոխարինումն է 100% համամասնական ընտրակարգով։
Եվ, պարզվում է, միայն այս մեկ դրույթի փոփոխությունը շղթայաբար բազմաթիվ փոփոխություններ է պարտադրում։Ընտրական կարգի փոփոխությանը դեմ է արտահայտվում հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաեւ իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկումների ժամանակ այն տեսակետն է հայտնել, որ օրենսգրքի փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների անցկացումը, քանի որ արդեն հայտարարված են ժամկետներ, եւ որ այդ փոփոխություններից հետո ընտրությունների նախապատրաստումը, հաշվարկը, փոքրամասնությունների ներկայացվածությունը եւ այլ հարցեր պետք է վերանայվեն։ Մուկուչյանն այդ փաթեթի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել՝ հիմնավորապես բացատրելով, որ ընդունվելու պարագայում շատ դժվարություններ կառաջանան։
Բացի այդ, հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ունի հստակ սկզբունքներ. ընտրություններ չեն կարող տեղի ունենալ ընտրական օրենսգրքի փոփոխություններից 6 ամիս շուտ ժամկետում։ Բացի այդ, ԸՕ-ն պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով։
Պարզապես խմբակցության՝ հասարակական կազմակերպություններ ներկայացնող թեւը պնդում է, որ պետք է ԸՕ-ն փոխվի, եւ լինի 100% համամասնական։ Դա է պատճառը, որ արտահերթով հարցը մտել է ԱԺ օրակարգ»:
168.am