Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները․ Արա Այվազյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարականության հետ կապերի վարչությունից, Այվազյանն ասել է.
«Պարոն Նախագահ, հարգելի նախարար Մաաս,
Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը:
Պարոն նախագահ,
Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն ամուր հիմք է կազմակերպության երկարաժամկետ տեսլականի և շարունակական բարեփոխումների համար: Գլխավոր քարտուղարին շնորհակալություն ենք հայտնում նաև տարեկան զեկույցի համար, որտեղ ճշգրիտ գնահատականներ են տրվում Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության իրավիճակին:
Պարոն Նախագահ, ընթացիկ տարին նշանակալի է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի հանգամանքով: Այդ տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը նպաստել է և շարունակում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք հաստատակամ կերպով հավատարիմ ենք Եվրոպայի խորհրդի գաղափարներին և արժեքներին։
Սակայն, մյուս կողմից, եվրոպական ժողովրդավարական անվտանգության առավել լայն համատեքստում մենք ականատեսն ենք այդ արժեքների անկման և բարոյական պարտության:
Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այս առումով, Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ողջ Եվրոպան և մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջև համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում:
Շնորհակալություն»։