Այս դժվար իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Փաշինյանի և Մակրոնի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i142214-Այս_դժվար_իրավիճակում_Ֆրանսիան_Հայաստանի_կողքին_է._Փաշինյանի_և_Մակրոնի_հայտարարությունները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 14:39 Asia/Tehran
  • Այս դժվար իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Փաշինյանի և Մակրոնի հայտարարությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է.

Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի  Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում  իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին:

Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ  պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:

Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա  շրջակայքում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև:

Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:     

Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են  Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով:

Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին,  հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:

Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է`

 այսօր ինչպես նշեցիք՝ շատ լայն օրակարգ ունենք քննարկելու: Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ:

Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհեալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով:

Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու  տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:

Իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, բայց մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ուրախ եմ արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ:

Շատ կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական նախանձախնդրությունը մեր տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

Եվ իհարկե,  այս բոլոր ուղղություններով շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը շահագրգրված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ, կրկին եմ ասում, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն` տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը պահպանվում է:

Կրկին անգամ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման հնարավորություն ունենալու համար և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների բարեկամության ու մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության: Այդ գործում Ձեր դերն իսկապես չափազանց կարևոր է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը բանակցությունները շարունակել են առանձնազրույցի շրջանակում` քննարկելով ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերը, տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացոումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio