«Հայաստան»-ն առաջարկում է Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով կազմակերպել քննարկում
https://parstoday.ir/hy/news/armenia-i150560-Հայաստան_ն_առաջարկում_է_Ադրբեջանի_ապօրինի_գործողությունների_թեմայով_կազմակերպել_քննարկում
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը պահանջում է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով քննարկում կազմակերպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2021 08:59 Asia/Tehran
  •  «Հայաստան»-ն առաջարկում է Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով կազմակերպել քննարկում

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը պահանջում է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով քննարկում կազմակերպել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանն ԱԱԾ հայտարարությունը որակեց «ոչինչ չասող»:

«Ելնելով նրանից, որ մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, «Հայաստան» խմբակցությունը պահանջում է անպայման գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակերպելու, որպեսզի մենք կարողանանք, ի վերջո, հավուր պատշաճի հասկանալ, թե ինչ է կատարվում, մանավանդ, որ ԱԱԾ-ի հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ավելի ուշ ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք իշխանությունը պատրաստվում է արձագանքել առաջարկին և ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց՝ իր կողմից աշխատելաոճ է որդեգրվել՝ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել և բոլոր հնարավորություններն օգտագործել:

«Ինչպես Արծվիկ Մինասյանն առաջարկեց, մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով: Չեմ բացառում, որ առաջարկը կընդունենք»- ասաց նա:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Armenpress.am